Ռուսաստանը պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայից և Վրաստանից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին զրույցում խոսել է նաև Վրաստանի հետ ունեցած հարաբերություններից, ինչպես նաև Եվրաատլանտյան դաշինքին անդամակցությունից` նշելով, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ուժերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից, որտեղ տեղակայված են առանց այդ երկրների համաձայնության։

«Բոլոր կողմերը պետք է կառուցողականորեն ներգրավվեն հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերում»,- նշել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի և Ուկրաինայի հետ ունի սերտ համագործակցություն և հարգում է նրանց որոշումը անդամակցության վերաբերյալ։

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք այն հիմնական սկզբունքները, որոնց վրա հիմնված է եվրոպական անվտանգությունը։ Ահա թե ինչու մենք հարգում ենք յուրաքանչյուր ազգի ինքնիշխանության իրավունքը՝ ընտրելու, թե ինչպիսի անվտանգության համակարգ է ցանկանում ունենալ և այդ իսկ պատճառով մենք, անշուշտ, հարգում ենք Վրաստանի և Ուկրաինայի որոշումը ՆԱՏՕ-ին միանալու մասին։ Մենք շատ ամուր և սերտ համագործակցություն ունենք երկու երկրների հետ»,- ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան գրառում է կատարել վրաց պատվիրակության ՆԱՏՕ-ի շտաբ այցի մասին` մեջբերելով Վրաստանի հետ ունեցած հարաբերությունները։

«Վրաստանը շատ արժեքավոր գործընկեր է: ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նրա եվրաատլանտյան ինտեգրմանը: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին և անվտանգության միջոցները՝ առանց արտաքին միջամտության»,- գրել է Կոլոմինան:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC) նիստին։

Խորհրդարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, հանձնաժողովի նիստում խորհրդարանի նախագահը խոսել է օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի, առկա սպառնալիքների և խորհրդարանի օրակարգի մասին։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են Վրաստանի հատուկ դերը սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և խաղաղության պահպանման գործում։