Ռուսաստանում ռազմական հեղաշրջո՞ւմ. Վրաստանից հնչող արձագանքները

Վրացի վերլուծաբանների դիտարկմամբ` այն, ինչ կատարվում է Ռուսաստանում, քաղաքացիական պատերազմ է, բայց թե որքանով է դա կարևոր Վրաստանի համար` դեռ վաղ է ասել: Ըստ նրանց՝ այս փուլում կարևոր է, որ ՌԴ քաղաքացիների համար խստացվի վիզային ռեժիմը, փակվի սահմանը, քանի որ դժվար է պատկերացնել, թե ովքեր են գալիս և ինչ նպատակներով են գալիս Վրաստան:

«Վրաց-եվրոպական ինստիտուտի» (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ ինչ որ կատարվում է Ռուսաստանում մինչ այդ կատարվածի ընդհանուր պատկերն է: Ըստ նրա՝ ավտորիտար ռեժիմին բնորոշ է անկայունությունը, մանավանդ՝ ռազմական գործողությունների ժամանակ, քանի որ ոչ մի տեսակ վերահսկողություն ռազմական գործողությունների ժամանակ չի իրականանում:

Նրա պնդմամբ՝ այն իրավիճակը, որ եղել է Ռուսաստանում մինչ պատերազմը և հիմա, լիովին միմյանցից տարբեր է, և ի սկզբանե հիմքեր չեն ստեղծվել այն նպատակով, որ այսօր Ռուսաստանը կարողանար խուսափել նմանօրինակ գործողություններից:

«Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը Ռուսաստանում: Բայց Վրաստանին և Ուկրաինային «հետաքրքիր» կլինի, եթե նման իրավիճակը երկար շարունակվի, քանզի Ռուսաստանի ազդեցությունը երկու երկրների վրա էլ կնվազի»,- նշեց Մելաշվիլին:

Քաղաքագետի խոսքով, շուտով Ռուսաստանը ստիպված կլինի Ուկրաինայի սահմաններից հետ քաշել զինուժը, քանի որ այլ ելք չի մնա ներքաղաքական իրավիճակի պատճառով: Ըստ նրա՝ այդ դեպքում քաղաքների տարբեր հատվածներում կհնչեն պայթյուններ, մանավանդ այն բանից հետո, երբ «Վագների» խմբավորումները մոտենան կամ մտնեն Մոսկվա:

Մելաշվիլին նշում է՝ Վրաստանի օկուպացված տարածքներում ևս Ռուսաստանի ռազմական ներկայությունը կնվազի, ինչը վատ չէ.

«Երկարաժամկետ հեռանկարում Վրաստանը պետք է մեծացնի իր ռազմական ներուժը և պատրաստ լինի ցանկացած սցենարի, քանի որ Վրաստանը գտնվում է այնպիսի անկայուն տարածաշրջանում, որտեղ անընդհատ փոփոխություններ են տեղի ունենում»:

Մելաշվիլին, անդրադառնալով ՌԴ քաղաքացիների սահմանը հատելու պահանջներին, ասում է, որ յուրաքանչյուր պետականամետ իշխանություն, տեսնելով հարևան օկուպանտ երկրում տիրող նման իրավիճակը՝ անհապաղ կփակեր սահմանները: Քաղաքագետը բերում է Թուրքիայի օրինակը.

«Անգամ ռազմավարական հարևանի դեպքում պատահեց նման բան, և Վրաստանը փակեց սահմանները. դա այն ժամանակ էր, երբ Թուրքիայում պայքարում էին Էրդողանի իշխանության դեմ, Վրաստանն այն ժամանակ փակեց իր ռազմավարական գործընկերոջ հետ սահմանները»:

Քաղաքագետ, «Ռազմավարական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն»-ի ղեկավար Վաժա Բերիձեն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ Ռուսաստանում իշխանափոխությունը միշտ էլ կոշտ մեթոդներով, զոռբայությամբ կամ ռազմական հեղաշրջման ճանապարհով է եղել՝ սկսած կայսերական ժամանակաշրջանից մինչև մեր օրեր:

«Պուտինի իշխանությունն ավելի կայուն էր երևում, քան իրականում էր: Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը հակառակն ապացուցեց: Նրա թե՛ ներքաղաքական իրավիճակի, թե՛ տնտեսական իրավիճակի մասին միֆերը փշրվեցին»:

Բերիձեն նշում է՝ կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանում տիրող իրավիճակը Վրաստանին այդքան էլ «օգուտներ» չի բերի, սակայն երկարաժամկետ հեռանկարում, եթե հեղաշրջումը հաջողվի՝ ինչ-որ արդյունքի կարելի է սպասել:

Ինչ է կատարվում Ռուսաստանում

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար: Պրիգոժինը հայտարարել էր, որ իրականում պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել է «Արդարության երթ»։

Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել են Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ մարզում «օպերատիվ մարտական ​​գործողություններ» են ընթանում։

Պրիգոժինը Telegram-ի ալիքում գրել է, որ «Վագներ»-ի ընկերության վարձկանները շարժվում են դեպի Մոսկվա:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում ոչ աշխատանքային օր է հայտարարել։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով, «հակաահաբեկչական գործողություն» է ընթանում։ Ըստ նրա՝ իրավիճակը ծանր է։

Մոսկվայի քաղաքապետը կոչ է անում համաքաղաքացիներին զերծ մնալ քաղաքում երթևեկելուց, քանի որ որոշ թաղամասերում փողոցների տարբեր հատվածներ գուցեև փակ կլինեն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։

Ինչ են պահանջում Վրաստանում

Վրաստանի քաղհասարակությունը Ռուսաստանում շարունակվող ներքին ռազմական հակամարտության ֆոնին, պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար պահանջում են դադարեցնլ օդային հաղորդակցությունը և փակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային սահմանը։

Ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան իշխանություններին կոչ էր արել Անվտանգության խորհուրդ գումարել և ժամանակավորապես փակել Ռուսաստանի հետ սահմանն այդ երկրում ընթացող գործընթացների պատճառով։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, արձագանքելով Գախարիայի կոչին, ասել է, որ այժմ իրենք պետք է հետևեն այդ իրադարձություններին, և դա միակ բանն է, որ պետք է անել։

Վրաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչները և նախագահ Զուրաբիշվիլին ևս կոչ էին անում, որ Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո ժամանակավորապես փակվեն և վերահսկվեն ռուս-վրացական սահմանը։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ հունիսի 24-ի դրությամբ «Դարիալ»-ի սահմանային ներգաղթի վերահսկման ծառայությունն աշխատում է բնականոն հունով, և որևէ ուղղությամբ ուղևորահոսքի ու երթևեկության աճ չկա։