SJC-ն արձագանքել է «Մթիս ամբեբիի» խմբագրի նկատմամբ սպառնալիքներին

Սոցիալական արդարության կենտրոնը (SJC) արձագանքել է «Մթիս ամբեբի» լրատվական գործակալության խմբագիր Գելա Մթիվլիշվիլիի դեմ պետական ​​պաշտոնյաների սպառնալիքներին և կոչ է արել «Վրացական երազանքի» առաջնորդներին զերծ մնալ լրագրողների նկատմամբ բռնության սպառնալիքներով հայտարարություններից։

«Մթիս ամբեբի»-ն տարիներ շարունակ ակտիվորեն անդրադարձել է Վրաստանի լեռնային շրջաններում տիրող իրավիճակին, գյուղերի և նրանց բնակչության սոցիալական, մշակութային և տնտեսական խնդիրներին։ Հենց «Մթիս ամբեբի»-ի հրապարակումն է եղել օգոստոսի 3-ին Շովում տեղի ունեցած աղետի մասին բնակչությանը տեղեկացնելու առանցքային աղբյուրը», — նշված է ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։

«Լրատվամիջոցի լրագրողներն ակտիվորեն լուսաբանում էին լուրերն իրադարձությունների էպիկենտրոնից և տեղեկատվություն տրամադրում բնակչությանը լրագրողական չափանիշներին և էթիկայի կանոններին համապատասխան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակման տարածած տեղեկությունը չի համընկնում կառավարության տարածած տեղեկության հետ, մենք լսեցինք կառավարության բազմաթիվ ղեկավարների ագրեսիվ և վիրավորական հայտարարությունները լրատվամիջոցի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիի հասցեին», — ընդգծված է հայտարարության մեջ։

«Ամբրոլաուրիի քաղաքային խորհրդի «Վրացական երազանքի» պատգամավորը սպառնացել է «ջուրը նետել լրագրողին»։ Ինչպես նշում է ինքը՝ լրագրողը, ՏԻՄ ներկայացուցիչների ագրեսիվ վերաբերմունքն առավել բորբոքվել է հատկապես պետական ​​և կուսակցական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո։

«Մթիս ամբեբի»-ի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների ագրեսիան կարելի է բացատրել նաև նրանով, որ մի քանի ամիս առաջ լրատվամիջոցը քննադատական ​​նյութ էր պատրաստել Ռաճա-Լեչխումի-Սվանեթիի մեծամասնական պատգամավոր Գոչա Էնուկիձեի մասին», — եզրակացնում է SJC-ն։

Սոցիալական արդարության կենտրոնը կոչ է արել իշխանություններին հրաժարվել լրագրողների նկատմամբ ագրեսիվ և սպառնալի հռետորաբանությունից և ապահովել նրանց անվտանգ ու ազատ մասնագիտական ​​միջավայրը։