Թբիլիսի մանկապարտեզներում մեկնարկել է գրանցումը

Թբիլիսիում մեկնարկել է մանկապարտեզներում երեխաների գրանցման 2-րդ փուլը` հաղորդում է Մանկապարտեզների կառավարման գործակալությունը:

Այս փուլն այն երեխաների համար է, որոնք 1-ինով գրանցման ենթակա չէին: Գրանցումը տևելու է մինչև տեղերի լրանալը: Գրանցելիս ծնողները պետք է հաշվի առնեն երեխայի տարիքը. նոր ուսումնական տարվա մեկնարկին (սեպտեմբերի 15) երեխայի 2 տարին պետք է լրացած լինի: Փոքրիկի գրանցումն առցանց է` www.kids.org.ge կայքում:

Այն ծնողները, որոնք չեն կարողանա իրենց նախընտրած նախակրթարանում երեխայի համար տեղ ամրագրել, մինչև հունիսի 21-ը հնարավորություն ունեն տվյալ մանկապարտեզ դիմում ներկայացնել` պահուստային ցուցակում հայտնվելու համար: Անհրաժեշտ փաստաթղթերը` ծննդյան վկայական, 2 լուսանկար, առողջության մասին տեղեկանք, ծնողների անձնագրի կրկնօրինակը:

Հիշեցնենք` գրանցման 1-ին փուլը հունիսի 11-18-ն էր, գրանցվել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, մանկատների սաները, հատուկ խնամքի կարիք ունեցողները, այն երեխաները, որոնց քույր-եղբայրը հաճախում է մանկապարտեզ, 2015-ի ջրհեղեղից տուժած ընտանիքների երեխաները, միայնակ ծնողի կարգավիճակ ունեցողների երեխաները, զինծառայողների երեխաները:

Թբիլիսիում 180 պետական նախակրթարան կա: Նախորդ տարում գրանցվել է ավելի քան 61 հազար երեխա: