Թուրքական կողմը համաձայն չէ FIBA-ի՝ Վրաստան-Թուրքիա վիճելի խաղի որոշման հետ

Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիան համաձայն չէ Եվրոբասկետում Վրաստանի և Թուրքիայի միջև վիճելի խաղի հետ կապված Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) որոշման հետ, արդյունքը կբողոքարկի Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS), հայտնում է Eurohoops-ը:

Մինչ այդ Թուրքիան դիմել է FIBA-ին, որտեղից հայտնել են, որ 22 վայրկյանի սխալը, իրոք, տեղի է ունեցել, թեև այդ վայրկյանները չեն կարողացել փոխել խաղի արդյունքը և չեն փոխել հանդիպման վերջնական հաշիվը։ Ինչ վերաբերում է առճակատման դրվագին, FIBA-ն նշել է, որ շարունակում է հետաքննությունը։

«FIBA-ն օրեցօր ավելի է փլուզվում մրցավարական սխալների ու կազմակերպվածության առումով։ Հատկապես եթե նայենք, թե ինչ է կատարվում Գերմանիայում և Վրաստանում, պարզ է դառնում, որ FIBA-ն կորցնում է իր հզորությունը։ Սա եվրոպական բասկետբոլային սկանդալ է. նման սկանդալները հեշտ չէ ընդունել։ Մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար»,- ասել է Թուրքիայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հեդո Թուրքօղլուն:

Բացի այդ, նա պատասխանել է Վրաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հայտարարությանը, որը կապված է թուրքական կողմի սադրանքների հետ։

«Եթե կարծում են, որ դա սադրանք է, ինչո՞ւ այդ ժապավենները ցույց չեն տալիս հանրությանը։ Եթե ​​քաջություն ունեն, ինչո՞ւ մեզ տեսախցիկով ցույց չեն տալիս, թե ինչ է տեղի ունեցել հանդերձարանի դիմաց։ Այդ ժամանակ մենք կտեսնեինք, թե ով է ստում, ով՝ ոչ»,- ասել է Թյուրքօղլուն։

Եվրոպայի առաջնության երրորդ տուրում Թբիլիսիի Օլիմպիական պալատում կայացել է Վրաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպումը, և վրացի բասկետբոլիստները առաջին հաղթանակը տարան ընթացիկ մրցումներում՝ 88:83։

Հանդիպման վերջին քառորդում կոնֆլիկտ է տեղի ունեցել Ֆուրկան Կորքմազի և Դուդա Սանաձեի միջև, ինչի պատճառով մրցավարը հեռացրել է երկու բասկետբոլիստներին։

Վրաց-թուրքական սպորտային սկանդալ