Տուգանքի բողոքարկումը չի կասեցնի պատժամիջոցի կիրառումը

Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար, որի Վրաստանում օրինական գտնվելու ժամկետն ավարտվել է, համապատասխան տույժի (տուգանքի) բողոքարկման ժամանակահատվածում Վրաստանում գտնվելու կանոնները խախտելու համար նշանակված պատժամիջոցի կատարումն այլևս չի կասեցվի։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունն ուժի մեջ է մտել օգոստոսի 31-ից։

Խոսքը վերաբերում է օրենսգրքի 191-րդ հոդվածին, որը շոշափում է Վրաստանում օտարերկրացու և քաղաքացիություն չունեցող անձի գտնվելու, նաև Վրաստանի տարածքով տարանցիկ (տրանզիտ) ճանապարհորդության կանոնների խախտումը։

Գործող կարգի համաձայն՝ եթե օտարերկրացին Վրաստանում օրինական գտնվելու ժամկետի ավարտից հետո շարունակում է մնալ երկրում` տուգանվում է։ Պատժամիջոցի չափը կախված այն ժամանակաչափից, թե որքան է նա գերազանցել երկրում գտնվելու օրինականորեն սահմանված ժամկետը։

Մասնավորապես, եթե գտնվելու ժամկետը գերազանցված է մինչև 3 ամիս ժամկետով, տուգանքը 1000 լարի է, միաժամանակ՝ օտարերկրացու մուտքը Վրաստան արգելվում է 6 ամսով։

Եթե Վրաստանում օրինական գտնվելու ժամկետը գերազանցված է 3 ամսից ավելի` մինչև 1 տարի ժամկետով, տուգանքը կազմում է 2000 լարի, և Վրաստան նրա մուտքն արգելվում է 2 տարով։

Եթե օտարերկրացին Վրաստանում գտնվելու օրինական ժամկետը գերազանցում է 1 տարուց ավելի ժամկետով, տուգանքը 3000 լարի է, իսկ Վրաստան մուտքն արգելվում է 3 տարով։

Նույն հոդվածով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհորդության կանոնների խախտումը տուգանվում է 500 լարիով։

191-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում նաև այն ֆիզիկական կամ Վրաստանում գրանցված իրավաբանական անձանց համար, որոնք օտարերկրացուն հրավիրում են Վրաստան, ծառայություն են մատուցում կամ օգտվում են նրա ծառայություններից Վրաստանում բնակվելու, աշխատելու և սովորելու իրավունքի ստացման սահմանված կանոնների խախտմամբ։ Նման դեպքում նախատեսված է նախազգուշացում կամ 2000 լարի տուգանք։

Առանցքային փոփոխությունը վերաբերում է հենց նշանակված տուգանքի բողոքարկման կարգին։

Փոփոխությունների համաձայն՝ 191-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման վերաբերյալ ընդունված որոշման կամ տուգանքի անդորրագրի բողոքարկումն այլևս չի կասեցնի դրա կատարումը։ Համապատասխանաբար, միայն բողոքարկման փաստն անձին այլևս չի ազատում նշանակված պատժամիջոցի կատարումից։

Դրանից բացի, 191-րդ հոդվածի առաջին չորս մասերով նախատեսված տուգանքը չվճարելու դեպքում համապատասխան տեղեկությունը փոխանցվում է արտաքին գործերի նախարարության և ներքին գործերի նախարարության համապատասխան մարմիններին։ Մինչև տուգանքի վճարումն անձին չի տրամադրվի Վրաստանի վիզա և չի տրվի Վրաստան մուտք գործելու թույլտվություն։

Նույն փոփոխությունը տարածվել է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերին։ 116-րդ հոդվածը, ի թիվս այլնի, վերաբերում է հարբած վիճակում տրանսպորտային միջոցը վարելուն։ Այս դեպքում վարորդական իրավունքի կասեցման մասին որոշման բողոքարկումը ևս այլևս չի կասեցնի դրա կատարումը։