Ոստիկանությունը 24 ժամում արտակարգ ռեժիմի խախտման 108 դեպք է հայտնաբերել

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրավապահ մարմինները արտակարգ դրության և պարետային ժամի խախտման 108 նոր դեպք են հայտնաբերել:

Ոստիկանությունը մայիսի 3-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 78 քաղաքացու է տուգանել: Հանրային վայրերում 3-ից ավելի մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 24 քաղաքացի: Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար տուգանվել է 1 քաղաքացի: 5 անձ տուգանվել է ավտոմեքենայով տեղաշարժվելու կարգը խախտելու համար:

ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:

Այս պահի դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով մոտավորապես 20 մլն լարիի տուգանք է գրվել: