Վրաստանը 1 մլն չափաբաժին Pfizer կստանա

Pfizer-ը «Բիզնես ֆորմուլա» լրատվամիջոցին հայտնել է, որ Վրաստանը Covid-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն չափաբաժին  կստանա: Կազմակերպությունը հայտնել է, որ Վրաստանի հետ բանակցություններն ավարտված են և անցնում են պայմանագրի մշակման փուլ:

«Pfizer-ը սիրով հայտարարում է, որ Վրաստանի կառավարության հետ ավարտված է բանակցությունների քննարկման փուլը SARS-CoV2-ի դեմ մեկ միլիոնից ավելի չափաբաժին BNT162b2 պատվաստանյութի փոխանցման վերաբերյալ»,- ասված է ամերիկական դեղագործական կազմակերպության կողմից «Բիզնես ֆորմուլային» ուղարկած նամակում:

Կազմակերպությունը, սակայն, չի կոնկրետացրել, թե Վրաստանը երբ և ինչ գնով կստանա պատվաստանյութը: Սրա հետ մեկտեղ, Pfizer-ի մեդիայի հետ կապերի ավագ մենեջերն ասել է, որ համաձայնության որոշ մանրամասներ բանակցություններից հետո էլ կոնֆիդենցիալ կմնան:

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 17 -ին  կառավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ Վրաստանը Pfizer-ի միլիոն չափաբաժին հավանաբար կստանա ամռանը:

«Պատվաստանյութերի վերաբերյալ բավական հաջողված բանակցություններ են ընթանում: Խոսքը Pfizer-ի լրացուցիչ չափաբաժիններ ներկրելու մասին է, մոտավորապես հունիս-հուլիս ամիսների ընթացքում»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին: