Վրաստանի հայ ուսանողների միությունը ծաղիկներ խոնարհեց ապրիլի 9-ի զոհերի հուշարձանին

Թբիլիսիում գործող Վրաստանի հայ ուսանողների միության ներկայացուցիչներն այսօր՝ ապրիլի 9-ին, ծաղիկներ խոնարհեցին Վրաստանի խորհրդարանի առջև անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին:

Սա միության առաջին նման նախաձեռնությունն էր: «Լինելով Վրաստանի լիարժեք քաղաքացիներ, մեր պարտքն ենք համարում աջակցություն ցուցաբերել: Մենք խաղաղության կողմնակից ենք ու դատապարտում ենք 30 տարի առաջ այս օրը  խաղաղ քաղաքացիների հանդեպ իրականացված դաժան գործողությունները», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց ուսանողական միության համահիմնադիր Ստեփան Էվաջյանը՝ ընդգծելով, որ միությանն կարևոր առաքելություններից է երկրի ազգությամբ հայ քաղաքացիների ինտեգրումը, որպեսզի նրանք իրենց զգան լիարժեք քաղաքացիներ։

Ուսանողական միության անդամ Դիանա Մարաբյանը մեզ հետ զրուցում նշեց․ «Ցավում եմ, բայց նաև հպարտ եմ, որովհետև ազատության համար փողոց դուրս եկած այս քաղաքացիների շնորհիվ վերականգնվեց անկախությունը, մենք այլևս ապրում ենք անկախ երկրում»:

Հիշեցնենք՝ 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերը դաժանաբար ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով 21 ցուցարար զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի անդամ էր նաև առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց՝ նույն օրը, Վրաստանի Գերագույն խորհուրդը առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը: