Վրաստանի կառավարությունը կվճարի 110 փախստականի հիփոթեկային վարկը

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել վճարել բռնի տեղահանված 110 ընտանիքի հիփոթեկային վարկերը:

Տեղեկությունը հաստատել են օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության  և սոցապահովության նախարարությունից:

«Հիփոթեկային վարկերի մարում բռնի տեղահանվածների համար» ծրագիրը մեկնարկել է 2015-ին: Այդ ընթացքում նախարարությունն արդեն մարել է Աբխազիայում և Ցխինվալիում իրենց տները ստիպված լքած 375 ընտանիքի բանկային պարտքերը:

Պետությունը միանվագ ֆինանսական աջակցություն կցուցաբերի այն ընտանիքներին, որոնք մինչև 2019-ի հունվարի 1-ը հիփոթեկով սեփական տուն կամ բնակարան են ձեռք բերել : Պայմանն այն է, որ դա պետք է լինի ընտանիքի միակ սեփականությունը: Մեկ ընտանիքի համար առավելագույն ֆինանսական օգնությունը 20 հազար լարի է (մոտ 7,5 հազար դոլար): Այս տարի նշված նպատակով կառավարությունը հատկացրել է 200 հազար լարի:

Նախարարությունը հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը:

Ներկայումս բռնի տեղահանվածի կարգավիճակ Վրաստանը շնորհել է ավելի քան 273 հազար ընտանիքի: