Վրաստանի շրջանների շուկաները ևս փակվում են

Թելավիի, Սենակիի, ինչպես նաև Գուրջաանիի և Զուգդիդիի ագրարային շուկաները փակվում են տարածքում արտակարգ դրությամբ սահմանված սանիտարական նորմերը չպահպանելու և խորհրդատվություններին չհետևելու պատճառով:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 21-ից Վրաստանի ողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարված: Իսկ մարտի 31-ից վարչապետը նաև համընդհանուր կարանտին հայտարարեց, սահմանվեց պարետային ժամ՝ 21:00-ից 06-00-ը:

Երկրում տնտեսական գործունեությունը սահմանափակված է: Առևտրի կետերը, որոնք շարունակում են աշխատել, պետք է հաճախորդների միջև ապահովեն առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն, ինչպես նաև հետևել սանիտարական նորմերին:

Ողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված հատուկ շտաբները ստուգումներ են անցկացրել, ինչի արդյունքում Շիդա Քարթլիի մարզում, օրինակ, փակվել է 6 ագրարային շուկա: Դադարեցվել է նաև Բաթումիի շուկաների աշխատանքը:

Խորհրդատվություններին չհետևելու պատճառով ապրիլի 4-ից փակվել է նաև Օզուրգեթիի շուկան: Մունիցիպալիտետում ամբողջությամբ արգելված է փողոցային առևտուրը:

Սահմանափակումներ կան նաև մայրաքաղաք Թբիլիսիում: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ շուկաների աշխատանքն արգելված է, եթե շարունակեն գործել, ապա համապատասխան մարմինների կողմից կտուգանվեն: