Վրաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանը 178 ձայնով երկրորդ անգամ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2023-2025 թվականների ժամանակահատվածի համար։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) գնահատմամբ, Վրաստանի համար Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելը կարևոր հաջողություն է և լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում երկրին միջազգային հանրության հետ ավելի ակտիվ ներգրավվի մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրակարգի հարցերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։

«Սա մեր երկրի կարևոր հաջողությունն է, որ հնարավորություն է տալիս հաստատել Վրաստանի հավատարմությունը մարդու իրավունքների հիմնարար արժեքներին և ակտիվորեն մասնակցել դրանց պաշտպանության և ապահովման գլոբալ գործընթացին։ Շնորհակալություն եմ հայտնում անդամ երկրներին աջակցության համար, ինչպես նաև խորհրդի նորընտիր անդամներին, որոնց հետ Վրաստանը սերտ համակարգման և համագործակցության մեջ կլինի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության որակի բարելավման համար»,- ֆեյբուքում գրել է ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին։

Վրաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Խորհրդի բոլոր նորընտիր անդամներին և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամ երկրներին Վրաստանի թեկնածությանն աջակցելու համար։

Նշենք, որ Մարդու իրավունքների խորհրդի անդամներն ընտրվում են տարածաշրջանային խմբերից՝ աշխարհագրական հիմունքներով։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընտրվում է երեք տարի ժամկետով, բաղկացած է 47 անդամ երկրներից, և նրա գործառույթն է ապահովել մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունը, արձագանքել աշխարհում մարդու իրավունքների խախտումներին և մշակել համապատասխան առաջարկություններ. խորհուրդը գործում է Ժնևում։

Վրաստանն առաջին անգամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է ընտրվել 2015 թվականին: