ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահը վարչապետին հրավիրել է Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովին

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ոչ միայն մեր ամենակարևոր գործընկերն է, այլև առանցքային դեր է խաղացել Վրաստանի զարգացման գործում և երկար տարիների համագործակցության ընթացքում ֆինանսավորել է ավելի քան 200 ծրագիր», — այս մասին նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետը նշել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի ներդրումը երկրի զարգացման գործում: Ըստ Գիորգի Գախարիայի, կազմակերպության պաշտոնատար անձանց այցերը նույնպես հաստատում են Վրաստանի և ՎԶԵԲ-ի միջև գործընկերության կարևորությունը:

Հանդիպմանը շեշտվել է տարբեր ուղղություններով իրականացվող համատեղ նախագծերի կարևորությունը: Նշվել է, որ էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտների և մասնավոր հատվածին աջակցող նախագծերը մեծ ազդեցություն են ունենում երկրի տնտեսության կայուն զարգացման վրա:

Վրաստանի վարչապետը և ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նոր ոլորտներում:

ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահը Գիորգի Գախարիային հրավիրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Լոնդոնում: