Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 8

Վրաստանում ֆերմերների աջակցության պետական ​​ծրագրի շրջանակներում կառավարությունը 35 միլիոն լարիից ավելի գումար է ծախսել:

Վրաստանի ձմեռային հանգստավայրերում շուրջ 500 թափուր աշխատատեղեր կներկայացվեն այս շաբաթ Թբիլիսիում կայանալիք աշխատանքի ֆորումում։

Եվրահանձնաժողովի արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոն Twitter-յան իր միկրոբլոգում գրել է, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատու է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջության և բարեկեցության համար:

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հույս է հայտնել, որ Վրաստանն արագ առաջ կգնա Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության պայմաններում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբաններից Իլիա Լոմիան՝ «Վիվամեդ» կլինիկայում երրորդ նախագահին այցելելուց հետո, ասել է, որ Սաակաշվիլին ցանկանում է մասնակցել այսօրվա դատավարությանը։

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի «Վարկեթելի» մետրոյի վերականգնման շուրջ բանակցություններ են ընթանում երկու ընկերության հետ, որոնցից մեկը թուրքական է։

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ, ՊԱԾ հակաահաբեկչական կենտրոնը, հակաահաբեկչական գործունեության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Վրաստանի քաղաքացի Ցիսկարա Տոխոսաշվիլիին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի 2023 թվականի բյուջեի նախնական տարբերակն արդեն ուղարկվել է սակրեբուլո. գումարը կազմել է 1,632 միլիարդ լարի:

Եվ վերջում՝ մինչև դեկտեմբերի 13-ը Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ: