Երեկվա օրը համառոտ. մարտի 11

Մարտի 11-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 633 433-ի: Մեկ օրում արձանագրվել է 1 543 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 551 376։

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվեց հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունով: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը: Փողոցի բացման արարողությունը կկայանա մոտ օրերս Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասի հետ։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտը և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։

Մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերին։

Երեկ աշխատանքային այցով Բաքվում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գափարովային: Հանդիպումը տեղի է ունեցել օրենսդիր մարմնում, կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։ Ներկայումս կա ավելի քան 2 000 ստորագրություն: Ստորագրողների թվում են ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։ Ստորագրահավաքի մասնակիցները կոչով դիմել են Միացյալ նահանգների Պետդեպարտամենտին և Եվրախորհրդարանին։ Մանրամասն՝ այստեղ։

Եվրախորհուրդը Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ Վերսալում տեղի ունեցած քննարկումների մասին հայտարարություն է տարածել՝ փաստելով, որ ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ձգտումներն ու ընտրությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ խորհուրդը դիմել է Եվրահանձնաժողովին՝ կոչ անելով քննարկել Վրաստանի և Մոլդովայի կողմից ներկայացված դիմումները։

2022 թվականի փետրվարին Վրաստան է այցելել 165 626 զբոսաշրջիկ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վերականգնվել է 35,3 տոկոսով, իսկ 2021 թվականի փետրվարի համեմատ աճել է 297 տոկոսով: Մանրամասն՝ այստեղ։

Վերջին օրերին Վրաստանում իրարանցում է։ Երկրի շատ խանութների վաճառասեղաններից ժամերի ընթացքում սպառվեցին շաքարավազի և ձեթի պաշարները։ Քաղաքացիները գնումներ էին անում՝ կարծելով, թե Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին այս մթերքների պակասուրդ կառաջանա երկրում։ Խոսելով Ռուսաստանից և Ուկրաինայից ներկրումների հնարավոր խոչընդոտների մասին՝ Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն ասում է, որ ակնհայտ է, եթե Ռուսաստանից հնարավոր չլինի ներկրել, ապա դա կլինի այլ երկրից, սակայն, հավանաբար, այլ գնով։ Տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմայայի կարծիքով էլ այնտեղ, որտեղ մասնավոր հատվածը ստեղծում և վաճառում է ապրանքներ, դեֆիցիտներ չեն կարող առաջանալ, անկախ նրանից, թե որտեղից են այդ ապրանքները ներկրվում: «Ալիք մեդիան» ի մի է բերել տնտեսագետների կարծիքները, ավելին՝ այստեղ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը կազմել է 1,15 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2020 թվականի տվյալները։ Ըստ Geostat-ի, աճը պայմանավորված է օտարերկրյա ուղղակի ներդրումների բոլոր երեք բաղադրիչների (սեփական կապիտալ, ռեինվեստիցիա և պարտք) աճով։

Էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ՕՈւՆ վիճակագրությունը «շատ հաջող» է անվանել։

Դավիթաշվիլին երեկ հանդիպել է զբոսաշրջության ոլորտում աշխատող ասոցիացիաների և ընկերությունների ղեկավարների հետ։ Նախարարության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են երկրի զբոսաշրջության ոլորտում առկա մարտահրավերները՝ Վրաստանում և տարածաշրջանում առկա իրադարձությունների ներքո, ոլորտի զարգացման կառավարության տեսլականը, ապագա ծրագրերն ու բիզնեսի հետ առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները։

Հաագայի դատարանը օգոստոսյան պատերազմի հետ կապված երեք օս պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել։ Դատախազ Քարիմ Խանի խոսքով՝ ողջամիտ հիմքեր կան նրանց մեղավոր ճանաչել 2008 թվականի օգոստոսի 8-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ռազմական հանցագործությունների մեջ։

ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ուկրաինայում խախտում է բոլոր այն միջազգային ​​սկզբունքները, որոնք խախտել է Վրաստանում 2008 թվականին: Նրա խոսքով, անկախ ամեն ինչից ԱՄՆ-ն հավատարիմ է այս սկզբունքներին և կոչ է անում կանգնել Ուկրաինայի կողքին։

Երեկ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից սկսվել է Ուկրաինային օգնելու համար հավաքված մինչև 50 տոննա մարդասիրական օգնության ուղարկման գործընթացը։ Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալ Իլիա Էլոշվիլիի հետ մասնակցել է Բելիաշվիլի փողոցում բացված մարդասիրական օգնության կետից բեռների տեղափոխման գործընթացին։

Վրաստանի կողմից չվերահսկվող Սոխումիում «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում խաղաղություն և կարգուկանոն ապահովելու, Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման նպատակով, ինչպես նաև հաջակցություն ՌԴ գործողություններին» կարգախոսով նախատեսված ցույցի համար ստիպողաբար քաղաքացիներ են հավաքում։ Այս մասին հայտնում է «Նեթգազեթին»՝ հղվելով աբխազական տելեգրամյան ալիքներին։

Մարտի 11-ի առքուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 8,8 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,2308 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը նույնպես ամրապնդվել է 11,2 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,5487 լարի։