Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 26

2022 թվականին Վրաստանից Հայաստան է վերաարտահանվել 2 034 միավոր թեթև մեքենա՝ 14,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից վերջերս հեռացած Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին, որ ստեղծել են «Ժողովրդի ուժ» շարժումը հերթական հակաամերիկյան հայտարարությունն են տարածել՝ նշելով, թե ԱՄՆ դեսպանատունը չի կարող համակերպվել Վրաստանի ինքնիշխան իշխանության հետ։

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, եթե Վրաստանից չվերահսկվող Աբխազիան միանա Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, կողմերի համար ավելի հեշտ կլինի պայմանավորվել ՌԴ քաղաքացիների կողմից «հանրապետությունում» հողերի գնման վիճահարույց հարցի դրական լուծման շուրջ։

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան և Սիրիայի գլխավոր դիվանագետ Ֆեյսալ Միկդադը, վերջինիս Սոխումի կատարած այցի շրջանակներում, ստորագրել են համատեղ հայտարարություն՝ աջակցելով Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմանը։

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի դե ֆակտո արտաքին գործերի նոր նախարար Ախսար Ջիոևը հայտարարել է՝ «Հարավային Օսիան կայացած պետություն է»:

ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Զալկալիանին արձագանքել է կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի նախկին պաշտոնակատար, դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը։

Բաթումիում «Հակակոռուպցիոն շարժման» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամները Եվրոպայի հրապարակում ակցիա-ներկայացում են անցկացրել՝ «Սպանում է՝ պատժամիջոց կիրառիր» խորագրով։

Քվեմո Քարթլիի Դմանիսիի մունիցիպալիտետի Ախա գյուղում ենթակառուցվածքային լայնածավալ նախագծի շրջանակներում կկառուցվի «Ախա Գրինս»-«Կանաչ հյուրանոց Երկրի վրա» բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր:

Ռուսթավիի թիվ 6 քրեակատարողական հիմնարկում բանտարկյալները հացադուլ են անում՝ ի նշան կալանքի պայմանների դեմ բողոքի։

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,8608 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,8648 լարի է։

Եվ վերջում՝ Վրաստանում մինչև սեպտեմբերի 1-ը կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ: