Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 26

Վրաց-ռուսական Վերին Լարսի մաքսակետը մեկ շաբաթվա ընթացքում երկու ուղղություններով (Վրաստան-Ռուսաստան) հատել են ավելի քան 37 հազար ավտոմեքենա և ավելի քան 115 հազար մարդ։

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում գտնվող քաղաքացիները տարբեր Telegram ալիքներով լուսանկարներ են տարածում, որտեղ զրահամեքենաներ ու զինվորականներ են երևում:

Վրաստանում գտնվող բոլոր մաքսակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի:

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում գնաճը նվազելու է մինչև 3 տոկոս։

«Արսի» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Բեսո Օրթոիձեն հայտնել է, որ մինչև տարեվերջ Թբիլիսիում բնակարանները կթանկանան ևս 5 տոկոսով:

Վրաստանի հակակոռուպցիոն շարժման նախագահ Վասո Ուրուշաձեի խոսքով, մայրաքաղաք Թբիլիսիում ստեղծված ճանապարհների կոլապսը (նկատի ունի խցանումները– խմբ.) Թբիլիսիի քաղաքապետարանի սխալ պլանավորման հետևանքն է:

Վրաստանը հյուրընկալել է Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ տարեկան համաժողովը, տեղեկացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի խոսքով, Վրաստանն ունի Եվրամիության լիակատար աջակցությունը:

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է, թե չի բացառում, որ իրեն փոխարինող առաջադրված թեկնածուներից մեկն իր տեղակալ Գիորգի Բուրջանաձեն է:

Վրաստանում գործող «Արդար ընտրություններ» հասարակական կազմակերպությունը (ISFED) կոչ է անում խորհրդարանին` կատարել օրենքի պահանջները և ժամանակին լրացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափուր պաշտոնները։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո պաշտպանության նախարարությունը (ՊՆ) սուտ է որակել Telegram ալիքներով տարածված այն տեղեկությունը, թե Հարավային Օսիայի չորրորդ ռուսական բազայի ներկայացուցիչները քաղաքացիներին հանձնելու են իշխանություններին՝ Ուկրաինայի հետ պատերազմին հավաքագրելու նպատակով։

Վրացական BMG.ge լրատվական ընկերության խմբագիր և լրագրող Թելարա Գելանտիային թույլ չեն տվել մասնակցել կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցին։

Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2.8286 լարի է, իսկ եվրոյինը` 2.7618 լարի։

Եվ վերջում՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև հոկտեմբերի 3-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։