Քութայիսիում անօթևանների համար կառուցվել է սոցիալական տուն

Քութայիսիում՝ Նիկեի փողոցում, ավարտվել է չորս հարկանի շինության կառուցումը, որն անօթևանների համար ծառայելու է որպես սոցիալական ապաստան:

Այս մասին հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Տունը հնարավորություն կունենա տեղավորել 48 ընտանիքի, որոնք ունեն սոցիալապես անապահովի կարգավիճակ և կորցրել են բնակարանը: Ապաստանի կառուցման համար քաղաքային բյուջեից 2,5 մլն. լարի է հատկացվել:

Մարտի 6-ին Քութայիսիի քաղաքապետարանը սկսել է բնակարան ստանալու համար անօթևանների դիմումների ընդունումը: Գրանցումը կտևի մինչև մարտի 27-ը:

Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, գրանցման վկայական, սոցիալական ծառայությունից՝ սոցիալապես անապահովի կարգավիճակը հաստատող տեղեկանք, ինչպես նաև ընտանիքի մնացած անդամների փաստաթղթերը:

2015-ին էլ Թբիլիսիում կառուցված անօթևանների կացարանը նախատեսված է 240 հոգու համար:

Թողնել պատասխան