«2011թ. մայիսի 26-ին հանցագործություն է տեղի ունեցել». Գ. Վոլսկի

Խորհրդարանական մեծամասնության` «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Գիա Վոլսկին համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Դատախազությունը նախընտրական շրջանում միտումնավոր է հրապարակել 2011թ. մայիսի 26-ի հայտնի ակցիան պատկերող տեսանյութը: Վոլսկին «Պալիտրա» ռադիոյի «երեկոյան թոք շոու» հաղորդման եթերում ասել է, որ հանրությունը առավելագույնս պետք է տեղեկացված լինի նախկին իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին: Ըստ նրա, ժողովուրդը պետք է ի վերջո հասկանա, որ «Միացյալ ազգային շարժում»-ը դեռևս «խելքի չի եկել»:
«Հանցագործություն է տեղի ունեցել: Տեսանյութում երևում են ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումները, հանցագործության արդյունքում խոշտանգված բազմաթիվ խաղաղ ցուցարարներ»,-ասել է Գիա Վոլսկին:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են իրավապահները բռնի ուժով ցրում 2011թ. մայիսի 26-ին Ռուսթավելի պողոտայում ընդդիմության կազմակերպած ցույցը:
Տեսանյութում զանգվածային ձերբակալություններն ուղեկցվում են այդ տարիներին ՆԳՆ-ի ներքո գործող Սահմանադրական անվտանգության վարչության ղեկավար Դավիթ Ախալայայիի՝ «Որքան շատ ձերբակալեք,  այնքան շատ կվարձատրվեք» խոսքերով:
Դատախազության հայտարարության համաձայն, «Մայիսի 26»-ի գործով նոր փաստեր են ի հայտ եկել՝ հետաքննության համար մինչ այս անհայտ կադրեր: Դրանք մայիսի 26-ի գիշերը նկարահանել է Սահմանադրական անվտանգության վարչության օպերատորը:
Դատախազությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ  մայիսի 26-ի գիշերային ձերբակալությունները կատարվել են  Վրաստանի Ներքին գործերի այդ տարիների նախարար Վանո Մերաբիշվիլիի ուղիղ հրամանով ու գլխավորությամբ:  Հիշեցնենք` Մերաբիշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ` «Մայիսի 26-ի»  գործով   մեղավոր է ճանաչվել ծառայողական  լիազորությունները  չարաշահելու համար:

Թողնել պատասխան