89 տոկոսը ՌԴ–ին համարում է երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը. IRI

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ Ռուսաստանի հետ երկխոսությանը կողմ է ընդհանուր հարցվածների 59 տոկոսը, իսկ 38 տոկոսը դեմ է:

IRI-ի հարցման համաձայն, Վրաստանի ներկայիս իշխանության հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ընդհանուր առմամբ, դրական է գնահատում 42 տոկոսը, իսկ 50 տոկոսը` բացասական:

Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ներկա վիճակը հաշվի առնելով՝ իրեն շատ անվտանգ է զգում հարցվածների 13 տոկոսը, 36 տոկոսը պատասխանել է, որ մասամբ է անվտանգ զգում, իսկ 49 տոկոսն ապահով չի զգում իրեն։

Ըստ հետազոտության տվյալների՝ Վրաստանի բնակչության 89 տոկոսը Ռուսաստանն ընկալում է որպես երկրի համար ամենամեծ քաղաքական սպառնալիք, 80 տոկոսը՝ ամենամեծ տնտեսական սպառնալիք։

Հարցվածների 38 տոկոսը կարծում է, որ ռուս զբոսաշրջիկներին չի կարելի թույլ տալ մուտք գործել Վրաստան, քանի դեռ նրանք չեն վերադարձրել Վրաստանի օկուպացված տարածքները, 26 տոկոսը նրանց ներկայությունը ձեռնտու է համարում տնտեսական առումով։

Ի դեպ, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից ի վեր` ՌԴ քաղաքացիների միգրացիան դեպի Վրաստան աճել է հատկապես սեպտեմբերի 21-ից սկսած, երբ ՌԴ նախագահը հայտարարեց զորահավաքի մասին։

Հոկտեմբերի 3-ի դրությամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն, 2022 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստանում հաստատվել է 112 հազար 733 ՌԴ քաղաքացի:

IRI-ի պատվերով ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Դեմ առ դեմ հարցումն իրականացրել է IPM ընկերությունը: Հարցվել է 1 500 չափահաս քաղաքացի։ Սխալի սահմանը +/- 2,5 տոկոս է: