«Վրացական երազանք»-ը շարունակում է խարանել և մեկուսացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց»,- գրել է Սոցիալական արդարադատության կենտրոնը (SJC)։
SJC-ի հրապարակած ուսումնասիրության մեջ նշված է, որ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, նաև թմրանյութեր և ալկոհոլ օգտագործողների համար միասնական տեղեկատվական բազայի ստեղծմանը, անտեսում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները, սահմանում է խտրական քաղաքականություն առողջական խնդիրներ ունեցողների նկատմամբ և խախտում է անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը։
- Սոցիալական արդարադատության կենտրոնը նշել է, որ ընդունված փոփոխությունները զգալիորեն կբարձրացնեն ակտիվիստների և քաղաքական հակառակորդների վրա ճնշման ու հետապնդման ռիսկերը և հոգեկան առողջությունը կդարձնեն քաղաքական պայքարի հիմնական զենքերից մեկը։