Ռուսթավիում ընթանում է ժամանակակից ստանդարտներին համապատասխանող բնակելի համալիրի շինարարություն՝ տեղահանված ընտանիքների վերաբնակեցման նպատակով:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ 4 նորակառույց մասնաշենքերում ամբողջությամբ վերանորոգված բնակարան կստանա 800 տեղահանված ընտանիք: Նախագիծը նախատեսում է բնակելի համալիրի տարածքում մարզադաշտի, մանկական խաղահրապարակի և մարզման տարածքների կառուցում։ Շինարարությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից, և դրա արժեքը կազմում է 80 մլն 971 հազար 596 լարի:
«Տեղահանվածների գործակալությունն ակտիվ ռեժիմով իրականացնում է նշված բնակելի համալիրում վերաբնակվել ցանկացող տեղահանված ընտանիքների լրացված հայտերի գնահատումը: Յուրաքանչյուր ընտանիքի, օրենսդրության համաձայն, շնորհվում է նախնական միավոր: Գնահատման գործընթացի ավարտից հետո հանձնաժողովը կորոշի, թե քանի միավոր ունեցող ընտանիքներն են ենթակա մոնիտորինգի», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Ցագարեիշվիլին և Տեղահանվածների գործակալության տնօրեն Դավիթ Կաիկացիշվիլին: