Անպատժելիություն, աղքատություն և ֆեմիցիդ. ինչ է գրված օմբուդսմենի զեկույցում

«2024 թվականի ընթացքում տեղի ունեցած բողոքի ցույցերի համատեքստում հայտնաբերված անմարդկային վերաբերմունքի փաստերով մինչ օրս ոչ մի իրավապահի նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել։ Հետապնդում չի սկսվել նույնիսկ այն երկու դրվագներով, որտեղ բռնություն գործադրած ոստիկանների դեմքերը ծածկված չեն եղել»։

Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին Ժողովրդական պաշտպանի տարեկան զեկույցը բաղկացած է 428 էջից։

Փաստաթուղթը ներկայացնում է ապօրինի ձերբակալությունները, բռնություն կիրառած իրավապահների անպատժելիությունը, ձերբակալված ակտիվիստների նկատմամբ վատ վերաբերմունքը, ֆեմիցիդը, աղքատությունը, կրթական համակարգի խնդիրները և երկրի համար արդիական այլ մտահոգիչ հարցեր։

Բողոքի ակցիաներ — անպատիժ իրավապահներ

Զեկույցից տեղեկանում ենք, որ 2024 թվականի վերջին Հանրային պաշտպանի աշխատակազմին, բացառության կարգով, հնարավորություն է տրվել ծանոթանալու Հատուկ քննչական ծառայությունում ընթացող քրեական գործերի նյութերին։ Այս գործերը վերաբերում են 2024 թվականի ապրիլին և մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ Ներքին գործերի նախարարության առանձին աշխատակիցների  լիազորությունների հնարավոր չարաշահման դեպքերին։

Օմբուդսմենը նշել է, որ նյութերին ծանոթանալուց հետո հանձնարարականով դիմել է Հատուկ քննչական ծառայության պետին և Վրաստանի գլխավոր դատախազին՝ պահանջելով հստակեցնել քննչական գործունեությունը և իրավական որակումը։

Օմբուդսմենի գնահատմամբ՝ «քննությունը պետք է ընթանա խոշտանգումների, սպառնալիքի և նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի հնարավոր փաստերով։ Պետք է քննություն սկսվի նաև դիտավորյալ ապօրինի ձերբակալման կամ կալանավորման և ապացույցների հնարավոր կեղծման փաստերով»։

Զեկույցում մատնանշված է, որ այս գործերը ոչ միայն չեն վերաորակվել, այլև գրեթե 2-ամյա քննչական գործընթացից հետո «քննությունը կոնկրետ անձանց չի բացահայտել, և մինչ օրս որևէ անձի քրեական պատասխանատվության հարց չի բարձրացվել»։

Բողոքի ակցիաներ — պատժված ակտիվիստներ

Զեկույցի զգալի մասը նվիրված է բողոքի ակցիաների մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված խախտումներին. խոսքը ցուցարարների նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր փաստերի, սահմանափակող օրենսդրության, խստացված պատժամիջոցների և վարչական կալանքի երկարաձգված ժամկետների մասին է։

Ըստ զեկույցի՝ 2025 թվականի մարտի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը Հանրային պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ակցիաների ժամանակ ձերբակալված 131 անձի, որոնցից «35-ը մատնանշել են ոստիկանության աշխատակիցների գործադրած ենթադրյալ վատ վերաբերմունքը, իսկ 17 ձերբակալվածի մոտ առկա են եղել մարմնական վնասվածքներ»։
Ձերբակալվածները պատմել են ֆիզիկական բռնության, նվաստացուցիչ և վիրավորական վերաբերմունքի, ձեռնաշղթաները չափազանց սեղմելու և մի քանի ժամ շարունակ ձեռքերը հետևում կապված մնալու փաստերի մասին։ Նրանք նաև նշել են մեկուսարաններում ամբողջությամբ մերկացնելու և կքանստելու պրակտիկայի մասին։

«Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն նշել է, որ զննության ժամանակ անձից չպետք է պահանջվի միաժամանակ մերկացնել մարմնի տարբեր մասերը։

Հատկանշական է, որ ժամանակավոր պահման մեկուսարանների տիպային կանոնակարգը չի նախատեսում անձի մարմինն ամբողջությամբ մերկացնելու և կքանիստեր կատարելու պահանջի հնարավորություն։ Նման պրակտիկան, ըստ Հանրային պաշտպանի գնահատականի, անձի նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է», — ասված է զեկույցում։

Խնդիրներ քրեակատարողական համակարգում

Բանտերը ծանրաբեռնված են. խցերում դեռևս միասին են տեղավորված ինչպես մեղադրյալները, այնպես էլ դատապարտյալները։ Մեկուսացման սենյակներում և մենախցերում բանտարկյալներին պահում են երկար ժամանակ՝ որպես պատիժ, ինչը, ըստ օմբուդսմենի, հավասարազոր է «դաժան, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի»։

Զեկույցում նշված է նաև բանտերում ոչ ֆորմալ կառավարման և առողջապահական լուրջ խնդիրների մասին. բանտարկյալները երբեմն ստիպված են լինում մեկ ամիս կամ ավելի սպասել բժշկական օգնություն ստանալու համար։

Մզիա Ամաղլոբելիի գործը

Հանրային պաշտպանը գրել է, որ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր ու տնօրեն Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ վարչական վարույթի ընթացքում խախտվել է սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ նույն արարքի համար կրկնակի դատապարտման արգելքի սկզբունքը։

«Ոստիկանները ձերբակալել են Մզիա Ամաղլոբելիին Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի առաջին մասի հիման վրա՝ այն պատրվակով, թե 2025 թվականի հունվարի 11-ին Բաթումիում` ոստիկանության շենքի մուտքի ճակատային մասում փակցրել է ստիկեր, նաև խոսքային վիրավորանքներ է հասցրել ոստիկաններին և, հակառակ բազմաթիվ հորդորների՝ դադարեցնել հակաիրավական գործողությունը, հաշվի չի առել դրանք:

Ձերբակալման արձանագրությանը նման բովանդակություն ունի նաև 2025 թվականի հունվարի 11-ին կազմված ոստիկանի զեկուցագիրը: Իրավախախտման արձանագրությունը կազմվել է 2025 թվականի փետրվարի 14-ին՝ 2025 թվականի հունվարի 11-ի ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցներին Մզիա Ամաղլոբելիի խոսքային վիրավորանքների և այլ անձանց ձերբակալելիս ոստիկանությանը խոչընդոտելու հիմնավորմամբ:

Այս գործով դատարանում փաստաբանները պնդում էին, որ նա միայն ստիկեր է փակցրել (այլ գործողություն չի կատարել), և դրա պատճառով նրան ձերբակալելու ու պատասխանատվության ենթարկելու իրավասություն ոստիկանությունը չուներ:

Այնուամենայնիվ, դատարանը նրա  անհնազանդությունը, որն արտահայտվել էր «ստիկեր» փակցնելով, դիտարկել է որպես իրավախախտում Վարչական օրենսգրքի 173-րդ հոդվածով և դա հիմք ընդունել իրավախախտումը ճանաչելու համար: Մի քանի ամիս անց ոստիկանությունը կրկին վարույթ է սկսել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ՝ այս անգամ Վարչական օրենսգրքի 150-րդ հոդվածով՝ հիմնվելով նույն վայրի, փաստի և գործողության վրա, որի համար նա արդեն դատապարտվել էր:

Հիշյալ գործով Ժողովրդական պաշտպանը դատարան է ներկայացրել կարծիք, որտեղ մատնանշել է կրկնակի դատապարտման արգելքի սկզբունքի հնարավոր խախտման ռիսկը և խաղաղ բողոքի ձևը որպես իրավախախտում անհիմն որակելու վտանգը», — կարդում ենք զեկույցում:

Աղքատություն և սոցիալական վիճակ

Աղքատությունը երկրում մնում է գլխավոր համակարգային մարտահրավերը։ Ըստ 2025 թվականի տվյալների՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում» գրանցված է 379 հազար 957 երեխա, որոնցից 23 հազար 322-ը գրանցվել են առաջին անգամ։ Զեկույցում ընդգծված է, որ պետական ծրագրերը չեն կարողանում ապահովել ընտանիքների երկարաժամկետ հզորացումը և անկախ գործունեությունը։

Ֆեմիցիդ և պետություն

2025 թվականին արձանագրվել է 12 կնոջ սպանության փաստ, որոնցից 10 դեպքում սպանությունը կատարել է ընտանիքի անդամը։ Սպանության փորձի 21 դեպքից 9-ը նույնպես կատարել է ընտանիքի անդամը։ Ժողովրդական պաշտպանը նշել է, որ եղել են դեպքեր, երբ պետությունը, նախապես տեղեկացված լինելով վտանգի մասին, չի կարողացել կանխել բռնությունն ու սպանության փորձերը։

Զեկույցին անդրադարձել են նաև փորձագիտական շրջանակները։ 

«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նախկին հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին նշեց, որ զեկույցը բավականին քննադատական է որոշակի հարցերի վերաբերյալ, չնայած որոշ հարցերի շուրջ ավելին լսելու ակնկալիք կար։

«Զեկույցը բավականին քննադատական է որոշակի հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ գնահատված է երկրում տիրող իրավիճակը, սակայն որոշ հարցերում, այնուամենայնիվ, ավելին լսելու ակնկալիք ունեի։

Բարեփոխումները կանգ են առել, և խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ քաղաքականություն՝ կենտրոնացված մարդու իրավունքների վրա», — նշեց նա։

«Սոցիալական արդարության կենտրոնի» (SJC) հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի գնահատմամբ՝ մտահոգիչ են Ժողովրդական պաշտպանի 2025 թվականի զեկույցի բացահայտումները՝ կապված հավաքների ազատության և մասնակիցների անվտանգության հետ.

«Ըստ զեկույցի՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը Ներքին գործերի նախարարությունը հայտնաբերել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 174¹ հոդվածով նախատեսված իրավախախտման 8200 փաստ (հավաքների կամ մանիֆեստացիաների կազմակերպման և անցկացման կարգի խախտում)։ Այս դեպքերում ներգրավված է 4070 անձ։

2025 թվականին բողոքի ակցիաների մասշտաբը նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել էր, իսկ հայտնաբերված 8200 իրավախախտումները գործնականում վկայում են այն մասին, որ բողոքի ակտիվ մասնակիցների մեծ մասը ենթարկվել է իրավական բռնաճնշումների։

Հատկանշական է, որ չնայած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանական բռնության նվազման միտումին, ըստ Ժողովրդական պաշտպանի՝ ձերբակալվածների մեծ մասը կրկին մատնանշել է վատ և նվաստացուցիչ վերաբերմունքի փաստը։ Մասնավորապես, տեսակցած 573 անձից 302-ը նշել են ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին, իսկ 194-ի մոտ առկա են եղել տարբեր տեսակի վնասվածքներ։ Նրանց թվում եղել են 49 կին և 2 անչափահաս։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ սովորական դեպքերում, երբ չկա էսկալացիայի այնպիսի մասշտաբ, ինչպիսին, օրինակ, 2024 թվականին էր, ձերբակալվածների մեծ մասը վատ և նվաստացուցիչ վերաբերմունքը զգում է որպես «ռուտինային» պրակտիկա», գրել է Միքելաձեն։

Միքելաձեի գնահատմամբ՝ հատկապես առանձնահատուկ ուշադրության է արժանի օմբուդսմենի զեկույցի այն հատվածը, որտեղ խոսվում է ձերբակալությունից հետո մեկուսարան տեղափոխելիս մարդկանց մերկացնելու և կքանիստեր կատարելու պրակտիկան՝ «այս գործելաոճի մասին մատնանշել են ինչպես քրեական հոդվածով մեղադրվողները, այնպես էլ վարչական կարգով ձերբակալվածները»։