Վրաստանում Եվրամիության դեսպանատունը հայտարարություն է տարածել դեսպան Պավել Հերչինսկուն արտաքին գործերի նախարարություն կանչելու վերաբերյալ: Դեսպանատունը նշել է, որ հանդիպման ժամանակ «մանրամասն քննարկում է տեղի ունեցել ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ», և ԵՄ անդամակցությունը պահանջում է «իրական նվիրվածություն և շոշափելի բարեփոխումներ ԵՄ արժեքներին ու չափանիշներին համապատասխանելու համար»։
«Ցավոք, վրացական իշխանությունների ընտրած ներկայիս ուղին երկիրն ավելի է հեռացնում ԵՄ անդամակցության ուղուց: ԵՄ-ի դեմ շարունակական և միտումնավոր հռետորաբանությունը ավելի է խաթարում Վրաստանի ԵՄ ձգտումների հավաստիությունը։
ԵՄ-ն ոչ մեկին չի ստիպում դառնալ իր ընտանիքի անդամ: Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին բաց չթողնել դեռևս գոյություն ունեցող պատմական հնարավորությունը», — ասված է հայտարարության մեջ: Նաև նշված է, որ Եվրամիությունը բազմիցս հաստատել է Վրաստանի առաջընթացի ցանկությունը և կարծում է, որ «ԵՄ անդամակցությունը երկրի համար խաղաղության և բարգավաճման լավագույն երաշխիքն է»։