Գնաճը Վրաստանում իրարամերժ կարծիքներ է հարուցել

Ապրիլին Վրաստանում գնաճը հասավ վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին. տարեկան գնաճը կազմել է 5.9%։ Նախորդ ամսվա համեմատ գներն ընդհանուր առմամբ աճել են 1.7%-ով։

Ամենամեծ գնաճը գրանցվել է տրանսպորտի ոլորտում՝ 10.3%` Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում վառելիքի գների աճի պատճառով։ Սննդամթերքի գներն աճել են 7.5%-ով։

Կոմունալ ծառայությունների վճարներն աճել են 6.5%-ով՝ Վրաստանում ապրիլի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով։

Գնաճի վերաբերյալ տեղեկություններն անցնող շաբաթվա ընթացքում ակտիվ շրջանառում էին նաև սոցիալական ցանցերը: Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը տարածել էր քարտեր, որտեղ համեմատված էին ապրանքների գները Եվրոպայում և Վրաստանում: Հեռուստաընկերության ընտրած ապրանքների գները Եվրոպայում հիմնականում ավելի քան երկու անգամ գերազանցում էին Վրաստանում առկա գները:

Այյս առիթով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է.

«Իմեդի»-ն մոռացել է ավելացնել քարտ, որտեղ համեմատված կլինեին Վրաստանում և Եվրոպայում առկա կենսաթոշակներն ու աշխատավարձերը»:

Հատկանշական է, որ վրացական կառավարությունը նախկինում խոստացել էր ապրիլից սկսած գների իջեցում և լայնածավալ հետաքննություն էր անցկացրել, սակայն գները շարունակել են աճել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում սննդամթերքը «օբյեկտիվորեն էժան է», և հիմնական խնդիրը հնարավոր մանրածախ առևտրի համաձայնությունը չէ, այլ այն փաստը, որ քաղաքացիները քիչ են վաստակում։

Նա այս եզրակացությանն է հանգել բարձր գների պատճառները պարզելու մի քանի ամիս տևած հանրային արշավից հետո՝ ստուգումներով, խորհրդարանական հանձնաժողովով և խոշոր ցանցերին ու դիստրիբյուտորներին ուղղված կասկածներով։

«Իմեդի»-ին տված հարցազրույցում Կոբախիձեն նշել է, որ նույնական ապրանքների Ֆրանսիայի հետ ուղղակի համեմատությունը ցույց է տալիս, որ այնտեղ դրանք միջինում 50%-ով ավելի թանկ են: Սակայն կան բացառություններ՝ հիմնականում ապրանքանիշային ապրանքներ, ինչպիսիք են սուրճը կամ շոկոլադը, որոնք Վրաստանում երբեմն ավելի թանկ են:

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, խոսքը գների մասին չէ, այլ եկամուտների:
Վրաստանում միջին աշխատավարձը մոտ 2400 լարի է, մինչդեռ Ֆրանսիայում մոտավորապես 2680 եվրո է: Հաշվի առնելով գնողունակությունը, վարչապետն ասել է, որ ֆրանսիացին ապրում է մոտավորապես երկու անգամ ավելի լավ:

«Անվանական գները մեկ բան են, բայց դրանց կապն աշխատավարձի և այլ եկամուտների հետ՝ մեկ այլ բան: Դրան գումարվում է դեռևս բարձր աղքատության մակարդակը. մեր հայրենակիցներից մոտ 350 հազարն ապրում են աղքատության գծից ցածր, իսկ կենսաթոշակները մնում են շատ ցածր: Այս իրավիճակում գներն իջեցնելու ցանկությունն ավելի հրատապ է դառնում: Եթե մենք ունենայինք նույն աշխատավարձերն ու կենսաթոշակները, ինչ մի շարք այլ երկրներում, գների հարցը այդքան հրատապ չէր լինի», — ասել է Կոբախիձեն։

Հատկանշական է, որ Խորհրդարանը գրեթե երեք ամիս հարցաքննեց բիզնեսի ներկայացուցիչներին, բայց չգտավ խոշորագույն խաղացողների միջև համագործակցության որևէ ապացույց։ Փոխարենը, հանձնաժողովը մատնանշեց ավելի հրատապ խնդիրներ՝ երկար մատակարարման շղթաներ ու շուկայի անարդյունավետություն, և զգուշացրեց, որ կտրուկ միջամտությունը կարող է ոչ թե իջեցնել գները, այլ, ընդհակառակը` բարձրացնել։

Վրացի տնտեսագետ Պաատա Բայրախտարին TV Pirveli հեռուսաալիքին տված հարցազրույցում խոսել է ինչպես Ազգային բանկի քաղաքականության, այնպես էլ կառավարության ստեղծած գների կարգավորման մեխանիզմների շուրջ, և ըստ նրա` ներկայիս արդյունքները վկայում են դրանց անարդյունավետության մասին։

«Արդյունքը ցույց է տալիս, որ Ազգային բանկը չի կատարում իր պարտականությունները այնքանով, որ գնաճը կրկնակի բարձր է նպատակային ցուցանիշից, դա մեկ բան է։ Երկրորդ, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինչ-որ անհեթեթ հանձնաժողով, որը ստեղծվել է ոչ այնքան վաղուց, և նրանք պարծենում էին, որ այս հանձնաժողովը պետք է կարգավորեր որոշ գներ, և մենք՝ մասնագետներս, հենց սկզբից ասում էինք, որ գները այսպես չեն կարգավորվում, և որ այս հանձնաժողովի աշխատանքը որևէ էական և շոշափելի արդյունք չի ունենա։ Այս պաշտոնական տվյալները ևս մեկ անգամ հաստատեցին, որ այս հանձնաժողովի աշխատանքը ձևական բնույթ է կրում»,- ասել է տնտեսագետը: