«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Գվարամիային վիրավորելու գործով Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Գեդենիձեին տուգանել է 2000 լարիի չափով։ Այս տեղեկությունն առաջինը տարածել է IPN-ը։ Լրատվամիջոցներում տարածված լուրին ավելի ուշ սոցցանցում արձագանքել է հենց ինքը՝ Գվարամիան։
«Հենց այս պահին լրատվամիջոցներից տեղեկացա, թե ոմն Գիորգի Գեդենիձեի Facebook-ում ինձ վիրավորելու համար 2000 լարիի չափով տուգանել են։
Ո՛չ Գիորգի Գեդենիձեին գիտեմ, ո՛չ էլ տեղյակ եմ ինձ ուղղված նրա վիրավորանքի մասին, ու եթե ես վիրավորված չեմ, պետությունն իմ արժանապատվությունը «պաշտպանում է» առանց իմ դիրքորոշմա՞ն։
Այն էլ այն իշխանությունը, որն ինձ շանտաժի է ենթարկել, 4 անգամ ձերբակալել է, դարանակալումներ կազմակերպել իմ դեմ, ամեն ընտրությունից առաջ իմ լուսանկարները փակցրել ողջ Թբիլիսիով մեկ, կնոջս ու երեխաներիս գաղտնի նկարահանել և հետո տեսանյութն ինձ ուղարկել, էլ ով գիտի՝ էլ ինչեր… Բավական չէր, որ ինձ են տուգանում ու բանտարկում, հիմա էլ պիտի մտահոգվեմ, որ ուրիշներին իմ պատճառով են տուգանում։ Այսպիսի խելագարությունն անհավատալի է»,- սոցցանցում գրել է Նիկա Գվարամիան։
IPN-ի տեղեկությամբ՝ գործն առնչվում է հունիսի 3-ին իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության հրապարակման տակ արված մեկնաբանությանը։