«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ անցյալ տարի թոշակառուների թիվն ավելացել է 24 հազար 200-ով, ինչը նվազեցնում է կենսաթոշակներն էլ ավելի մեծ չափով բարձրացնելու հնարավորությունը։ Այս հայտարարությունը Վրաստանի վարչապետն արել է խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։
Նրա խոսքով՝ կենսաթոշակների մասով բյուջեում ավելացել է ավելի քան կես միլիարդ լարի։
«Այս ուղղությամբ բյուջեն առաջին անգամ գերազանցեց 5 միլիարդ լարին, ինչը մեզ հնարավորություն տվեց մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակն ավելացնել 20 լարիով, իսկ 70 տարին անց թոշակառուների համար՝ 45 լարիով։ Համապատասխանաբար, այս տարվա բյուջեով կենսաթոշակը կազմում է 370 և 495 լարի, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ համապատասխանաբար 444 և 594 լարի։ Թոշակառուների թիվը մշտապես աճում է, ինչը կյանքի միջին տարիքի բարձրացման հետևանք է։ Անցյալ տարվա ընթացքում Վրաստանում թոշակառուների թիվն աճել է 24 հազար 200-ով։ Սա մեզ սահմանափակում է կենսաթոշակներն էլ ավելի մեծացնելու հարցում, թեև, բնականաբար, գլխավորն այն է, որ աճում է բնակչության կյանքի միջին տևողությունը։ Սա մեր սոցիալական և առողջապահական ծրագրերի հաջող իրականացման արդյունքն է։
Ընդհանուր առմամբ, 2012 թվականից հետո Վրաստանում թոշակառուների թիվն աճել է 206 հազարով՝ 30%-ով, և այս պատճառի բացատրությունը շատ պարզ է. նախորդ իշխանության օրոք մարդկանց հանդեպ առողջապահական ու սոցիալական ոլորտներում առկա էր զրոյական հոգատարություն, իսկ այսօր հոգատարության ցուցանիշը արմատապես աճել է։ Հենց դրա արդյունքում է, որ միջին տարիքի բարձրացման հետ մեկտեղ ավելացել է թոշակառուների թիվը 30%-ով՝ 683 հազարից հասնելով 889 հազար թոշակառուի»,- հայտարարել է վարչապետը։