Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։ Կառավարության վարչակազմի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են 3 նախարար և կառավարության վարչակազմի ղեկավարը։

«Ղազախստանի Անկախության պալատում տեղի կունենա Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեին կհյուրընկալի Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նախատեսվում են Վրաստանի վարչապետի և Ղազախստանի Հանրապետության նախագահի առանձնազրույցն ու ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հուշագրեր կստորագրվեն։

Պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենա նաև Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ։ Հանդիպմանը կմասնակցեն երկու երկրների նախարարների խորհրդի անդամները։

Վրաստանի վարչապետը Ղազախստան է մեկնել պատվիրակության հետ, որի կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին ու կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին»,- ասված է հաղորդագրության մեջ։