Թամար թագուհու մետաղադրամ ՀՀ-ի «Ամբերդ ամրոց» արգելոցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության պահպանության ծառայության տեղեկատվության համաձայն՝ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու դարաշրջանի բացառիկ արժեք ներկայացնող մետաղադրամ։

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հայտնաբերվել է նաև մարդկային կմախք, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ըստ ատամնաշարի վիճակի` նա երիտասարդ է եղել:
Մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) բեկորներ։

Թամար թագուհու մետաղադրամը, հնագետների գնահատմամբ, կրկին վկայում է Հարավային Կովկասում միջնադարյան դարաշրջանի պատմական ու մշակութային կապերի մասին։

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հնագիտական աշխատանքները շարունակվում են։ Հետազոտողները հույս ունեն, որ նոր բացահայտումները կնպաստեն միջնադարյան կարևորագույն ամրոցներից մեկի պատմության ավելի լավ ուսումնասիրմանը։

(Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայության ֆեյսբուքյան էջից)