Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել։
Կառավարության աշխատակազմի լրատվական ծառայության հաղորդմամբ՝ համատեղ հռչակագիրը, որով երկու երկրների հարաբերությունները բարձրանում են ռազմավարական գործընկերության մակարդակի, ստորագրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը։
Երկու երկրների կառավարությունների անդամների ընդլայնված ձևաչափով բանակցություններից հետո Վրաստանի և Ուզբեկստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել են նաև հուշագրեր տնտեսության, առողջապահության, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության, ֆինանսների, մաքսային, կրթության, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների և մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Իրակլի Կոբախիձեն ուզբեկական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանին ցուցաբերած ուժեղ աջակցության կապակցությամբ և նշել, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային, գիտական, տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություններով։
«Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանին ցուցաբերած ուժեղ աջակցության համար: Ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը անձամբ Ձեր աջակցության արդյունքն է։ Համատեղ հռչակագիրը մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամության վկայությունն է և ամուր հիմք է ստեղծում քաղաքական, առևտրատնտեսական, ներդրումային, գիտական, տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություններով երկկողմ հարաբերությունների ու համագործակցության կայուն զարգացման»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Ուզբեկստանի նախագահի հայտարարությամբ՝ Վրաստանը Ուզբեկստանի կարևոր գործընկերն ու հուսալի հենարանն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Շավկաթ Միրզիյոևն ասել է, որ վրաց-ուզբեկական հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը մեծ ձեռքբերում է։