«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Վրաստանի վերաբերյալ, որտեղ մանրամասն անդրադարձել է 2024 թվականից ի վեր «Վրացական երազանք»-ի ձեռնարկած միջոցներին և գրանցած «առաջընթացին»՝ իր հասցեին հնչող քննադատական ձայները լռեցնելու ուղղությամբ։
«Վրաստանի իշխանությունները պետք է դադարեն անկախ հասարակական գործունեությունը որպես սպառնալիք ընկալել»,- հայտարարել է միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ուղղության տնօրեն Հյու Ուիլյամսոնը։
Զեկույցի հենց վերնագրում կազմակերպությունն արտացոլել է քաղաքացիական սեկտորի հանդեպ «Վրացական երազանք»-ի իրականացրած բռնաճնշումները՝ «Վրաստան. նոր օրենքները ոչնչացնում են անկախ քաղաքացիական կազմակերպությունները»։ Կազմակերպությունը նշել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը հասարակական կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու փորձեր է անում ֆինանսավորման վերահսկողության և քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումների միջոցով։
«Նոր օրենքներով գրեթե ողջ օտարերկրյա ֆինանսավորումն անցնում է պետության խիստ վերահսկողության տակ, ներդրվել է նվաստացուցիչ պիտակ՝ «օտարերկրյա գործակալ», իսկ ակտիվիստներին ու անկախ կազմակերպություններին սպառնում են խոշոր տուգանքներ և ազատազրկում»,- այսպես է սկսել իր վերլուծությունը միջազգային կազմակերպությունը և կոչ արել Վրաստանի իշխանություններին՝ չեղարկել քննադատական ձայները լռեցնելու նպատակով ստեղծված բոլոր անարդարացի իրավական մեխանիզմները։ Կազմակերպությունը պահանջել է հնարավորություն տալ անկախ կազմակերպություններին, մեդիային ու անհատներին կատարելու իրենց աշխատանքն առանց իշխող կուսակցության միջամտության։ Նաև կոչ է արել միջազգային գործընկերներին՝ պատժամիջոցների կիրառմամբ ստիպել Վրաստանի իշխանություններին պատասխանատվություն կրել բռնաճնշումների կիրառման համար, նաև ընդլայնել անկախ վրացական կազմակերպություններին աջակցելու ուղիների որոնումը։
«Վրաստանի իշխանությունների նպատակը քննադատական ձայները լռեցնելն ու երկրի ուժեղ, անկախ քաղաքացիական հասարակությանը ոչնչացնելն է, և այս նպատակին հասնելու գործում նրանք տագնապալի հաջողություններ են գրանցում։ Ստեղծվել է մի համակարգ, որտեղ անկախ կազմակերպություններն այլևս չեն կարող անվտանգ գործել, պահպանել ֆինանսավորումը և աջակցել այն մարդկանց, որոնք ունեն դրանց կարիքը»,- հայտարարել է Հյու Ուիլյամսոնը։