Ցագերիի ավագանու «Ժողովրդի ուժը» խմբակցության նախագահը ձերբակալվել է

«Գողական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է Ցագերիի սակրեբուլոյում (ավագանիում) «Ժողովրդի ուժը» (Խալխիս Ձալա) խմբակցության նախագահ Լաշա Լեթոդիանիին։ Երկու օր առաջ Վրաստանում իրականացված օպերատիվ միջոցառումների ժամանակ ևս 28 անձ է ձերբակալվել:

«Ժողովրդի ուժը» 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում էր իշխանության մեջ գտնվող «Վրացական երազանք»-ի անունից։ Այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց խորհրդարանական գործունեությունից, այս կուսակցությունն անցավ «Վրացական երազանք»-ի ընդդիմության շարքերը:

Լեթոդիանին 2025 թվականի ընտրություններին ներկայացնում էր «Վրացական երազանք»-ը և ստացել էր ձայների 100%-ը, քանի որ իր մեծամասնական ընտրատարածքում մրցակից չուներ:

Սակրեբուլոյի նախագահի տեղակալ Օնիսե Չակվետաձեն, որը ներկայացնում է «Վրացական երազանք»-ը, «Ազատություն» ռադիոկայանին (Ռադիո Թավիսուփլեբա) հայտնել է, որ գործընկերոջ ձերբակալության մասին լսել է լրատվամիջոցներից: