Ալեկո Էլիսաշվիլին դատապարտվեց 13 տարի ազատազրկման

«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Գելաշվիլին դատապարտել է 13 տարի ազատազրկման՝ դատարանի գրասենյակը հրկիզելու փորձի գործով։

Այսօրվա նիստին պաշտպանական կողմը հանդես է եկել դատական եզրափակիչ ելույթով։ Վերջին խոսքի իրավունքից օգտվել է նաև ինքը՝ Էլիսաշվիլին: Ելույթի ավարտից հետո նրան հեռացրել են նիստերի դահլիճից։ Պահանջել են դահլիճը լքել նաև ներկաներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նիստը լրատվամիջոցների առջև բացելու վերաբերյալ, ինչը դատավոր Գելաշվիլին չի բավարարել. դատավճռի հրապարակման նպատակով նիստն ամբողջությամբ փակվել է։

«2024 թվականին այն ժամանակվա գործող պատգամավորիս դատական գրասենյակի դիմաց ոստիկանությունն անգիտակից վիճակի հասցնելով ծեծեց, նրանք երևում են նաև կադրերում։ Օրինակ՝ Զաքրո Չոխելիին ես ճանաչեցի, բայց ականջի հետև գցեցին։ Իսկ երբ երկրորդ անգամ ոստիկանն ընդդիմության հանդիպումից դուրս գալիս ինձ առևանգեց ու կողերս ջարդեց, ձերբակալվա՞ծ է։ Ո՛չ։ Վերջապես, այս գործով կալանավորվելուց հետո էլ ինձ ծեծեցին, որևէ մեկի ձերբակալեցի՞ք։ Ես այնտեղ զենք չեմ հանել, եթե որևէ մեկին սպանելու ցանկություն ունենայի, ոչ մեկը ողջ չէր լինի։ Վերջիվերջո, 2 պատերազմի միջով եմ անցել և զենքից օգտվել գիտեմ։

Իմ արարքը բողոք էր երկրում, այդ թվում՝ այս շենքում տեղի ունեցողի դեմ։ Ուզում էի թքել իշխանության վրա և ցույց տալ, որ մեզ չեն կարող ծնկի բերել։ Ես քաղաքական գործիչ չեմ ծնվել, ծնվել եմ տղամարդ ու վրացի, և միշտ այդպես կլինի։ Եթե չստացվեր, գիտեի՝ ինչ էր ինձ սպասվում։ Ես այստեղ նստած եմ հայրենիքի սիրո պատճառով։ Երկրի առաջ իմ խիղճը մաքուր է, տունս տակնուվրա արեցին ու ոչ փող գտան, ոչ էլ ոսկու ձուլակտորներ։ Ինձ ներկայացվող գլխավոր հարցն այն է, որ հայրս ու երեխաներս հպարտանան ինձնով։ Ուզում եմ քաջալերել Գախարիայի մարդկանց, որ ամուր լինեն»,- ասել է Էլիսաշվիլին իր եզրափակիչ խոսքում։

Հիշեցնենք, որ Ալեկո Էլիսաշվիլիին ձերբակալել են 2025 թվականի նոյեմբերի 29-ին։

Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել ահաբեկչության հոդվածով, մասնավորապես՝ գերատեսչությունը քաղաքական գործչին մեղադրում էր ահաբեկչական ակտի կատարման փորձի համար։ Ըստ քննության՝ 2025 թվականի նոյեմբերի 29-ի լուսաբացին Էլիսաշվիլին փորձել է հրկիզել Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքը և վնասվածքներ է հասցրել մանդատուրի (դատական կարգադրիչների) ծառայության աշխատակիցներին։