Օդանավակայանի տարեկան թողունակությունը կհասնի մինչև 10 մլն ուղևորի. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ մեկնարկում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի զարգացման ու ընդլայնման մասշտաբային նախագիծը, ինչը, նրա խոսքով, «կառավարության հետևողական քաղաքականության հերթական կարևոր արդյունքն է»։

Կոբախիձեն նշել է, որ նախագծի ավարտից հետո օդանավակայանի «տարեկան թողունակությունը կհասնի մինչև 10 միլիոն ուղևորի»։

«Պետության և TAV Georgia ընկերության միջև կնքված համաձայնագրի համապատասխան, որով լիովին պաշտպանված են պետության շահերը, ներդրողը նախագծում կիրականացնի ավելի քան 150 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում Վրաստանի գլխավոր միջազգային օդանավակայանի հնարավորությունները զգալիորեն կմեծանան։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը Վրաստանի կարևորագույն ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտներից է, որն առանցքային դեր ունի մեր երկրի տնտեսական զարգացման, կապակցվածության, զբոսաշրջային և ներդրումային գրավչության տեսանկյունից։ Ժամանակակից ու արդյունավետ ենթակառուցվածքը բարձրացնում է երկրի մրցունակությունը, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը և ամրապնդում Վրաստանի դիրքը տարածաշրջանային ու գլոբալ տրանսպորտային համակարգում։ Հենց այդ պատճառով մեր իշխանությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նման մասշտաբային նախագծերի իրականացմանը։

Մեզ համար առաջնահերթություն է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև ուղևորների ապահովումը ժամանակակից, հարմարավետ և միջազգային չափանիշներին համապատասխան միջավայրով։

Այս նախագծի կարևորությունն էլ ավելի է մեծանում հատկապես այն ֆոնին, երբ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանում է արագ տեմպերով. վերջին տարիներին կտրուկ աճել է ուղևորահոսքը, ընդլայնվել են միջազգային ուղղությունները, և վրացական շուկայում գործունեություն են սկսել մի շարք ավիաընկերություններ։ Այս տարի ուղևորահոսքի ռեկորդային աճ է արձանագրվել Վրաստանի բոլոր երեք միջազգային օդանավակայաններում. Թբիլիսիի, Քութաիսիի և Բաթումիի օդանավակայաններն անցյալ տարի համատեղ սպասարկել են 8,5 միլիոն ուղևորի։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականը ռեկորդային էր բոլոր առումներով՝ ինչպես ուղևորահոսքի աճի, այնպես էլ առհասարակ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։

Մենք ունեցել ենք ռեկորդային եկամուտներ զբոսաշրջության ոլորտում, ինչը, բնականաբար, պատշաճ կերպով անդրադարձել է նաև ավիացիայի վրա, և չնայած այն հանգամանքին, որ այս տարի ճգնաժամի ֆոնին ունեցել ենք չնչին դանդաղում, հունիսը նույնպես ռեկորդային էր։ Հետևաբար, շատ լավատեսորեն ենք նայում նաև ընթացիկ տարվան»,- հայտարարել է Իվանիշվիլիի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։