Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի պետնախարար Սթիվեն Դաութին հայտարարել է, որ «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի կալանավորման հարցը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր զրույցներում։
Այսպես է նա պատասխանել Բրիտանիայի խորհրդարանի անդամ Բրենդան Օ’Հարայի գրավոր հարցին։
Նա ասել է, որ Միացյալ Թագավորությունը նախկինի պես հավատարիմ է մնում Վրաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և մեդիայի ազատության աջակցմանը։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրադարձությունների զարգացմանը, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության մասին հաղորդումներին և լրագրող Մզիա Ամաղլոբելիի կալանավորմանը, որի գործը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել ենք թե՛ հանրայնորեն և թե՛ մասնավոր զրույցներում։
Միացյալ Թագավորությունը բազմիցս հստակ նշել է, որ օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների հարգումը կարևոր է Վրաստանի երկարաժամկետ բարօրության ու միջազգային ներդրումների տեսանկյունից դրա գրավչության պահպանման համար։ Չնայած ներդրումային որոշումները կայացնում են հենց իրենք՝ բիզնեսները, մենք պարբերաբար գնահատում ենք Վրաստանում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացները՝ որպես ավելի համապարփակ երկկողմ համագործակցության մաս»,- ասել է Սթիվեն Դաութին։