Եվս 300 տուն կգնվի տեղահանված ընտանիքների համար

Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Տեղահանվածների գործակալությունը ամբողջ երկրի տարածքում բնակելի տներ կգնի հարկադիր տեղահանված շուրջ 300 ընտանիքի համար։

Այն ընտանիքների ցուցակը, որոնց վերաբնակեցման վերաբերյալ տեղահանվածների հարցերն ուսումնասիրող հանձնաժողովը դրական որոշում է կայացրել, արդեն հրապարակվել է գործակալության վեբկայքում։

Հարկադիր տեղահանված ընտանիքներին տրվում է վեցամսյա ժամկետ, որպեսզի Վրաստանի ցանկացած տարածաշրջանում տներն ինքնուրույն ընտրեն և ներկայացնեն գործակալություն։

Նախարարության հաղորդմամբ՝ տեղահանված ընտանիքների վերաբնակեցման նպատակով, բնակելի համալիրների կառուցմանը զուգահեռ, տների գնման ծրագիրը վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվացել է։ Ընթացիկ տարում գործակալությունն արդեն տուն է գնել 1640 տեղահանված ընտանիքի համար։

«Հարկադիր տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու գործընթացը ապագայում էլ ավելի ակտիվ ռեժիմով կշարունակվի»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։