Բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր մոդելի ներդրման առաջին փուլի համար պետական բյուջեից լրացուցիչ կհատկացվի 42 միլիոն լարի, և 2027 թվականին բարձրագույն կրթության ֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 170 միլիոն լարիի, հայտնել են Կրթության նախարարությունից։
Նախարարության տեղեկացմամբ՝ Վրաստանի կառավարության որոշմամբ հաստատվել է պետական համալսարանների ֆինանսավորման նոր մոդելը, որը 2026-2027 ուսումնական տարվանից փուլ առ փուլ կդրվի գործողության մեջ։
Մոդելը, որը մշակվել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ բազային և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում։
Մասնավորապես, բազային ֆինանսավորումը ենթադրում է ֆինանսավորման որոշում ակադեմիական ծրագրերի տարբերվող արժեքին համապատասխան՝ ըստ ուսումնառության ոլորտների և բարձրագույն կրթության աստիճանների (բակալավրիատ և մագիստրատուրա)։ Համալսարանների ֆինանսավորման ժամանակ հաշվի կառնվի նաև ուսանողների թիվը, ինչը կապահովի ուսումնական գործընթացի և ուսանողների սպասարկման հետ կապված բազային ծախսերի ծածկումը։
Կրթության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշված է, որ բազային ֆինանսավորմանը փուլ առ փուլ կավելանա կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման բաղադրիչը, որը կողմնորոշված կլինի պետական պատվերի կատարման արդյունքների վրա։ Սա ներառում է հետևյալ ուղղությունները․
Կրթության որակ և համապատասխանություն շուկայի պահանջներին․
Հետազոտությունների, զարգացման և ինովացիաների որակի բարելավում․
Ինտերնացիոնալացման (միջազգայնացման) խթանում․
Տարածաշրջանային զարգացման աջակցություն․
Բարձրագույն կրթության հասանելիության աճ։
Ըստ Կրթության նախարարության` յուրաքանչյուր համալսարանի պայմանագրային ֆինանսավորման պայմանները կորոշվեն անհատապես՝ հաշվի առնելով նրա առաքելությունը, նպատակները, մասնագիտական ուղղվածությունը և ռեսուրսները։
«Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման բաղադրիչը յուրաքանչյուր պետական համալսարանի հնարավորություն կտա սեփական ներդրումն ունենալու ազգային նպատակներին հասնելու գործում և մշտապես կողմնորոշված լինելու կրթության որակի զարգացման վրա։
Նոր մոդելը պետական համալսարաններին կօգնի զարգացնել համապատասխան հանրակրթական ծրագրեր, ապահովել ուսուցման բարձր որակ, նաև ակադեմիական, վարչական և օժանդակ անձնակազմի համար ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ ու մրցունակ վարձատրություն։
Բարձրագույն կրթության բարեփոխման հիմնական նպատակը բարձրագույն կրթության որակի և հասանելիության աճն է։ Նոր մոդելի ներդրումը ծառայում է հենց այս նպատակին․ պետական ֆինանսավորումն ուղղված կլինի բարձրագույն կրթության որակի և հասանելիության բարձրացմանը, համալսարանների հետազոտական ներուժի հզորացմանն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացման աջակցմանը»,- գրված է Կրթության նախարարության հաղորդագրությունում։