Թբիլիսիում կայացել է Հարավային Կովկասի էներգետիկ ոլորտի ղեկավարների հանդիպումը

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են երեք երկրների էներգահամակարգերի փոխինտեգրման և Թուրքիայի էներգետիկ համակարգին միանալու հնարավորությունները։

Այս տեղեկությունը սեպտեմբերի 23-ին տարածել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Կողմերի հանդիպումը կայացել է Թբիլիսիում՝ Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային գագաթնաժողովի ետնաբեմում. գագաթնաժողով, որը Վրաստանում անցկացվել է առաջին անգամ։

Նույն աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC / ՍԵՄԵԿ) նախագահ Դավիթ Նարմանիան, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը,  Ադրբեջանի էներգետիկայի կարգավորման գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախունդովը, Եվրոպայի էներգետիկայի կարգավորողների խորհրդի նախագահ Պեդրո Վերդելը և Եվրամիության ու Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) համատեղ՝ EU4Energy ծրագրի ներկայացուցիչները։

Հայկական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու հնարավորությունը։

Վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը պլանավորում են միմյանց միանալ TRIPP նախագծի շրջանակներում։

Սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ն հայտարարեց «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման հաջորդ փուլին անցնելու մասին՝ Հարավային Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջանի երկրների հետ միասին։