Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց «Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ նախարարի առաջին տեղակալին կամ տեղակալին իրավունք է տրվում համատեղության կարգով իրականացնել նույն նախարարությանը ենթակա հանրային իրավունքի իրավաբանական անձի և ենթակա հիմնարկի ղեկավարի գործառույթները։ Բացի այդ, նրանք կկարողանան զբաղեցնել նաև վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը։
Օրենսդրական փոփոխությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր, իսկ 5-ը դեմ են արտահայտվել։
Փաստաթղթի համաձայն՝ նախարարի տեղակալները կկարողանան համատեղել լրացուցիչ պաշտոնեական լիազորությունները հետևյալ պայմաններով․
«Նախարարի առաջին տեղակալը/տեղակալը կարող է համատեղության կարգով իրականացնել համապատասխան նախարարության կառավարման ոլորտում գտնվող/նրա պետական վերահսկողությանը ենթակա հանրային իրավունքի իրավաբանական անձի ղեկավարի, համապատասխան նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական ենթակա հիմնարկի ղեկավարի լիազորությունները։
Վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը համատեղության կարգով կարող է զբաղեցնել նախարարի առաջին տեղակալը/տեղակալը»։
Օրենքի նախագծի պարզաբանող գրության համաձայն՝ նախարարի տեղակալներին նշված լրացուցիչ գործառույթների վերապահումը լրացուցիչ վարձատրության սահմանում չի նախատեսում։ Այս պարտականությունները կիրականացվեն առանց վարձատրության։