ԱԳ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպանին

Նոյեմբերի 26-ին արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պավել Հերչինսկիի հետ։

Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվությամբ՝ հանդիպման ժամանակ Զուրաբաշվիլին ուշադրություն է հրավիրել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանում կայացած բանավեճերի և «Վրաստանի դեմ ընդունված» հերթական բանաձևի վրա։ Նրա գնահատմամբ՝ սա Վրաստանի մասին «կեղծ նարատիվներ տարածելու համար արված հերթական նպատակային քայլն է, որը խարխլում է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները»։

Միաժամանակ, ինչպես նշել է նախարարի առաջին տեղակալը, Եվրախորհրդարանի բանավեճերն ու բանաձևն ամրապնդում է նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը։

«Զուրաբաշվիլին ևս մեկ անգամ խնդրել է Եվրամիության կողմին նշել այն կոնկրետ անձանց անուններն ու ազգանունները, ովքեր դիտարկվում են «կամայականորեն ձերբակալվածների» շարքում՝ այն դեպքում, երբ կոնկրետ գործերով Վրաստանի տարբեր ատյանների դատարանների որոշումներով իրավական արդյունքն արդեն իսկ վրա է հասել։ Նրա խոսքով՝ չնայած բազմաթիվ կոչերին, վրացական կողմը նման տեղեկատվություն մինչ այժմ չի ստացել, ինչը հաստատում է Եվրամիության մեղադրանքների անհիմն լինելը»,- հաղորդում է արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հանդիպման ընթացքում վրացական կողմը «ևս մեկ անգամ հաստատել է իր անսասան հավատարմությունը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին և ընդգծել կողմերի միջև բաց երկխոսության կարևորությունը»։