Ախալքալաքի երիտասարդների հետաքրքրությունը դեպի անգլերենը աճում է․ ACCESS ծրագիր. լուսանկարներ

Ախալքալաքում տեղի ունեցավ English Access Microscholarship ծրագրի փակման միջոցառումը։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է ամերիկյան PH International կազմակերպության և ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, Ախալքալաքում գործում է արդեն 3-րդ անգամ: Հունիսի 27-ին ծրագրի փակման արարողությանը մասնակցելու համար Ախալքալաք էին ժամանել ծրագրի կազմակերպիչները և PH International կազմակերպության տնօրեն Բերդիա Նացլիշվիլին։

Նացլիշվիլին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ ծրագրի նպատակը երիտասարդների զարգացմանը նպաստելն է․

«Ծրագրի շրջանակներում 14-17 տարեկան երիտասարդները 2 տարվա ընթացքում անգլերենի անվճար դասեր են անցնում, ծրագրի նպատակը նրանց նաև ամերիկյան մշակույթին, սովորույթներին ծանոթացնելը և առաջնորդի հատկանիշները զարգացնելն է: Ծրագրում ընդգրկված են ամեն մունիցիպալիտետից 25 երիտասարդներ, ովքեր նախնական թեստավորման հիման վրա բաժանվել են 2 խմբի», — նշում է Նացլիշվիլին։

Ծրագիրը բարեհաջող ավարտած բոլոր մասնակիցներին տրվեցին պատվոգրեր, երիտասարդները ներկայացրեցին մի քանի պարային և երաժշտական համարներ։ Հնչեցին ինչպես անգլերեն, այնպես էլ հայերեն և վրացերեն լեզվով երգեր, ազգային պարեր։

«Այս ծրագիրն ինձ տվեց գիտելիք, փորձ, հմտություններ։ Բացի անգլերենիս իմացությունը կատարելագործելուց, նաև որոշ չափով ինտեգրվեցինք արևմտյան հասարակությանը` ծանոթանալով ամերիկյան սովորություներին և մշակույթին։

Շատ կարևոր է բոլորիս համար միջազգային լեզվի իմացությունը, մենք, որպես էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ պետք է ձգտենք յուրացնել և’ պետական և’ միջազգային լեզուները։ Անգլերենի իմացությունը նաև մեծ ազդեցություն ունի ապագայի համար, քանզի 21-րդ դարում առանց անգլերենի իմացության դժվար է գտնել աշխատանք», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է ծրագրի մասնակից Ռուզաննա Կարապետյանը։

Ախալքալաքցիները հյուրերին դիմավորեցին հայկական ավանդական սեղանով, հյուրասիրելով խաղողի թփով և պասուց տոլմա, ժենգյալով հաց, տժվժիկ, հարիսա, գաթա, լավաշ, ծիրան և այլն։

Ուսուցիչները, ովքեր 2 տարվա ընթացքում դասավանդել էին աշակերտներին, ներկայացրեցին նրանց ունեցած ձեռքբերումները, երիտասարդներից մեկը ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX) շրջանակներում այս տարի կմեկնի Ամերիկա։ Նա Վեներա Մարգարյանն է, ում հաջողություններին «Ալիք մեդիան» անդրադարձել էր ավելի վաղ․

«Իմ այս հաջողության մեջ մեծ է եղել և’ այս դասընթացների դերը, և’ հատկապես անգլերենի ուսուցչուհուս դերը, ով դասավանդել է ACCESS ծրագրի շրջանակներում, միշտ ոգևորել և խրախուսել է ինձ», — նշում է աղջիկը։

Ախալքալաքում գործող ACCESS ծրագրի դասավանդող ուսուցիչները նաև ընդգծեցին, որ այս ծրագիրը կլինի շարունակական և այս տարի ևս Ախալքալաքում կբացվի նոր խումբ, արդեն չորրորդ անգամ։