Ազատությունը միշտ հաղթում է օկուպացիային. Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ծաղիկներ խոնարհելով Կոջորիում գտնվող յունկերների հուշարձանին, ասել է, որ Վրաստանի տարածքի մի մասը դեռևս  բռնագրավված է․ «Մեր պատմությունը վկայում է, որ ազատությունը միշտ հաղթում է օկուպացիային»։

«Այսօր ծանր օր է Վրաստանի պատմության մեջ՝ Վրաստանի օկուպացիայի օրը: Վրաց ազգի բազմադարյա պատմությունը պայքար է ազատության համար: Խոնարհվում եմ վրացի բոլոր հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին սեփական հայրենիքի ազատության և անկախության համար»,- հայտարարել է Բախտաձեն:

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարված է որպես խորհրդային օկուպացիայի օր:

1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական կարմիր բանակը գրավեց Թբիլիսին՝  տապալելով Վրաստանի համընդհանուր և ազատ ընտրությունների ճանապարհով ընտրված իշխանությունը, ինչի պատճառով տեղի ունեցավ միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Վրաստանի դեմոկրատական հանրապետության բռնակցումը: Այս մասին ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հայտարարությունում։