Բիզնեսոլորտում միջին աշխատավարձն աճել է գրեթե 280 լարիով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, բիզնես հատվածի շրջանառության ծավալն աճել է 14,4 տոկոսով և կազմել 44,1 մլրդ լարի։

Ըստ տվյալների՝ աճի միտումով են բնութագրվում նաև բիզնես հատվածի արտադրության տեմպերը։ 2023 թվականի 1-ին եռամսյակում դրա ծավալը որոշվել է 15,9 մլրդ լարի, ինչը 13 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ։

«2023 թվականի 1-ին եռամսյակում բիզնեսի ոլորտի շրջանառության ծավալի 69,3 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, 14 տոկոսը՝ միջինին, 16,7 տոկոսը՝ փոքր բիզնեսին։ Ընդհանուր արտադրանքի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է՝ խոշոր բիզնեսին բաժին է ընկնում արտադրանքի 49,2 տոկոսը, միջին բիզնեսինը՝ 23 տոկոսը, փոքրինը՝ 27,8 տոկոսը»,- նշված է զեկույցում:

Նույն տվյալների համաձայն, 2023 թվականի 1-ին եռամսյակում ձեռնարկությունների կողմից ապրանքների և ծառայությունների ընդհանուր գնումները կազմել են 24,1 մլրդ լարի, իսկ վերավաճառքի համար նախատեսված ապրանքների ու ծառայությունների գնումները կազմել են 15,7 մլրդ լարի:

2023 թվականի 1-ին եռամսյակում բիզնեսի ոլորտում աշխատողների միջին թիվը սահմանվել է 716,1 հազար մարդ, ինչը 6,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից։ Աշխատողների ընդհանուր թվից 43,3 տոկոսը կանայք են, 56,7 տոկոսը՝ տղամարդիկ։ Աշխատողների ընդհանուր թվի 44 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, 20,7 տոկոսը՝ միջին, 35,3 տոկոսը՝ փոքր բիզնեսին։

«Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի ընդունված անձանց ընդհանուր թիվը կազմել է 677,2 հազար մարդ, իսկ ձեռնարկությունների անձնակազմի ծախսերը՝ 3 645,8 միլիոն լարի։

2023 թվականի 1-ին եռամսյակում բիզնեսի ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 759,1 լարի, իսկ կանանց աշխատավարձը կազմել է 1 395,5 լարի:

Միջին ամսական աշխատավարձը՝ ըստ ձեռնարկությունների չափի, հետևյալն է.

  • խոշոր բիզնես՝ 1 899,4 լարի,
  • միջին բիզնես՝ 2 030,1 լարի,
  • փոքր բիզնես՝ 1 368,7 լարի:

2023 թվականի 1-ին եռամսյակում բիզնեսի շրջանառության կառուցվածքում ամենաբարձր մասնաբաժինը` 37,6 տոկոս, բաժին է ընկնում առևտրին, որին հաջորդում են արվեստը, զվարճանքն ու հանգիստը` 32,3 տոկոս, այնուհետև` մշակող արդյունաբերությունը` 32,3 տոկոս և այլն»,- նշված է զեկույցում: