Դաշբաշ. հայաբնակ գյուղը վրաստանյան տուրիզմի ապագան

Դաշբաշի ջրվեժը, Ծալկայի շրջան

Ծալկայի շրջան մտնելուն պես, երբ հասկանում են, որ հյուր ես տարածքում, հարցնում են «Կանիոնում եղե՞լ ես»…

Դարեր առաջ առաջացած հսկայական ճեղքը՝ կանյոն կոչվածը, Ծալկան երկու մասի է բաժանում: Ճեղքի մեջ՝ ժայռի մեջտեղից, ջուր է գալիս՝ առաջացնելով այն հրաշք տեսարանը, որն այդպես գրավում է այցելուներին:

Ճեղքի ամենագեղատեսիլ հատվածում հարմարորեն տեղավորված է հիմնականում հայերով բնակեցված Դաշբաշ գյուղը։ 2014 թվականի տվյալներով գյուղն ունի 295 բնակիչ։

Դաշբաշը հիմնադրել են Գուգարքից տեղափոխված հայերը` 1810-1813 թվականներին։ Հետագայում այստեղ հայեր են եկել նաև Էրզրումի վիլայեթից, Լոռու մարզից, մի քանի ընտանիք էլ՝ Ղարաբաղից: Հենց դա է պատճառը, որ Դաշբաշ գյուղի բնակիչների բարբառը տարբերվում է Ծալկայի մնացած գյուղերի բարբառներից:

Բնակիչներն այստեղ հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ,  այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղական սովորական առօրյան, սակայն, մերթընդմերթ խախտվում է զբոսաշրջիկների այցելություններով։ Իսկ ապագայի գայթակղիչ տեսլականները նոր հույս են առաջ բերել։

Ծալկայի սակրեբուլոյում Դաշբաշ գյուղի պատգամավոր Արմեն Մկրտչյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վերջին 5-6 տարվա ընթացքում տուրիստների թիվը զգալիորեն ավելացել է։

Դաշբաշ այցելած բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ խոստումներ են տվել, որ ներդրումներ կարվեն, սակայն այդպես էլ խոստում է մնացել, և միայն անցած տարի, ինչպես ասում է պատգամավորը, հրեաներ են եկել տարածք, տեսել ջրվեժը և որոշել ներդրում անել՝ տուրիզմը զարգացնելու նպատակով:

«Այսպիսի մեծ մասշտաբով նախագիծ Վրաստանի տարածքում երևի թե դեռ չի արվել: Հրեաները ներդրել են 60 միլիոն դոլար. կկառուցեն ապակյա կամուրջ, որի վրա էլ կլինի մեծ համերգասրահ, լողավազաններ և ռեստորան-սրճարաններ, ինչպես նաև տարածքում մեծ հյուրանոց կկառուցվի», — ասում է Մկրտչյանը:

Դաշբաշ գյուղի բնակիչներն էլ ոգևորությամբ են խոսում ջրվեժի մասին. հպարտանում իրենց ունեցածով:

Ջրվեժի տարածքը նույնիսկ ձմռանն է կանաչ: Հետաքրքիր է, որ տարվա բոլոր եղանակներին գրեթե նույն ջերմաստիճանն է այդ տարածքում:

«Նոր, պարաններով, լուսավորված ճանապարհ կլինի ջրվեժի մոտ իջնելու համար: Նույնիսկ մութ ժամանակ հնարավոր կլինի իջնել», — ասում է պատգամավորը՝ հավելելով, որ տարածքի մաքրության համար արդեն նոր ընկերություն է ընտրվել։

Մկրտչյանն ասում է, որ անցած տարի երեխաներին խնդրել են հաշվել քաղաք մտնող մեքենաները։
«Նստել էին ճանապարհին ու մի կողմը հաշվել. շաբաթ ու կիրակի միասին 800֊1000 զբոսաշրջիկ էր այցելել»,- ասում է Մկրտչյանը։

Պատգամավորը գյուղի բնակիչներին կոչ է անում հյուրատներ սարքել։

Մկրտչյանը վստահ է՝ 3-4 տարի հետո Դաշբաշ գյուղը տնտեսապես շատ է աճելու: Ինչ վերաբերում է միգրացիային, ապա ըստ նրա՝ Դաշբաշից ոչ թե գնում, այլ գալիս են այստեղ:

Kass Lend հրեական ընկերությունը Վրաստանում մի քանի շինարարություն է իրականացնում, այդ թվում՝ Դաշբաշի կիրճում ժայռերը միացնող 240 մետր երկարությամբ ապակյա կամուրջ է կառուցում, որի վրա կլինի մոտ 100 հազար հոգանոց համերգասրահ, հյուրանոց, լողավազաններ և ռեստորան-սրճարաններ: Նախագծի գինը 60 միլիոն դոլար է: