Դավիթաշվիլին հանդիպել է Ալիևի հետ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փոխանցում է վրացական Busness Media լրատվականը՝ հղվելով ադրբեջանական աղբյուրներին։ 

Նշվում է, որ Դավիթաշվիլիի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեն։

Ըստ տեղեկատվության՝ հանդիպմանը կարևորվել է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահը խոսել է Վրաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային երթևեկության ավելացման կարևորության մասին։

«Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել առևտրաշրջանառության աճի կապակցությամբ՝ հավելելով, որ կարևոր է նախանշել այլ հեռանկարներ, որոնք կբարձրացնեն ապրանքաշրջանառությունը»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունում։

Դավիթաշվիլիին նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու մեծ ներուժ կա։