Հայտնի է, թե երբ Սաակաշվիլին կներկայանա հանրությանը

Վրաստանի նախկին նախագահ, այժմ Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում է ու հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հինգ րոպե անց նա կներակայանա հանրությանը։ Այս մասին հաղորդել է Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Մուրման Դումբաձեն:

«Նա շատ համախոհներ ունի: Ամբողջ Վրաստանը սպասում է նրան, և վաղը 20։05 մենք պաշտոնապես կներկայացնենք Միխեիլ Սաակաշվիլիին: Մինչ այդ նա ոչ մի կերպ չպետք է հայտնվի հանրության առաջ: Նա Վրաստանում է, Բաթումիում, նա պահեց իր խոսքը, հիմա մեր հերթն է», — ասել է Դումբաձեն:

Հատկանշական է, որ երկրի պաշտոնական կառույցներն արդեն հերքել են Սաակաշվիլիի՝ Վրաստանի պետական ​​սահմանը հատելու մասին տեղեկությունները:
Մինչդեռ Սաակաշվիլիի Կիևի գրասենյակի աշխատակից Մարիա Բարաբաշը «Մթավարի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մեկ օր առաջ Սաակաշվիլին հեռացել է Կիևից՝ մեկնելով Վրաստան:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին վաղ առավոտյան հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:

Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։  2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է: