Քաղաքի շրջված ու ջարդված մեքենաները․ յուրօրինակ ակցիայի նպատակը

Թբիլիսիի և Բաթումիի փողոցներում հայտնված շրջված և ջարդված ավտոմեքենաները զգոնության կոչ են անում քաղաքացիներին։ «Ալիք մեդիայի» հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Դավիթ Մեսխիշվիլին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության «Ավելին կյանքի համար» խորագրով այս քարոզարշավի նպատակն է քաղաքացիներին մտածելու առիթ տալ, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում երթևեկության կանոններին չհետևելը։

«Քարոզարշավը միայն շրջված ավտոմեքենաներով չի սահմանափակվում», — ասում է Մեսխիշվիլին՝ նկատելով, որ ծրագրի շրջանակներում նկարահանվել են տարբեր ուսուցողական տեսահոլովակներ, հատուկ կայքէջ է բացվել morefor.life հասցեով, որտեղ տեղադրվում են տարբեր տեղեկություններ ճանապարհային անվտանգության կանոնների վերաբերյալ:

«Այս քարոզարշավի շրջանակներում պետք է խստացվեն ճանապարհային երթևեկության կանոնները: Սկսվելու է մոպեդների համար վարորդական իրավունքից, տեսախցիկների հսկողության ուժեղացումից և որոշ տուգանքների խստացումից», — ասում է Մեսխիշվիլին՝ կարևորելով նաև քարոզարշավին կրթության և գիտության նախարարության մասնակցությունը։

Մեսխիշվիլին գտնում է, որ դպրոցական և համալսարանական ուսումնական ծրագրերում նոր առարկա պետք է ավելացնել, որը դրական արդյունքներ կտա։

Քաղաքային խորհրդի անդամը ողջունում է ՆԳՆ-ի ծրագիրը, սակայն, ասում է, որ պետք է շրջված ու ջարդված մեքենաներ տեղադրել հատկապես մայրուղիների վրա, որտեղ ավելի հաճախ են վթարներ լինում:

Սոցիալական ցանցերը հեղեղած շրջված մեքենաների լուսանկարները տարբեր գնահատականների արժանացան։ Ոմանք յուրօրինակ ակցիա են համարում՝ նշելով, որ շատ տպավորիչ է, որոշներն անընդունելի ու տգեղ են համարում։

Թբիլիսիի բնակիչ, ուսանողուհի Թաթիա Գաբիձաշվիլին ասում է, որ իրեն դուր է գալիս, լավ մտահղացում է։

«Շատ լավ մտահղացում է․ զգուշացնում են, թե ինչ հետևանք կարող է լինել, որպեսզի բոլորս զգոն լինենք, չվնասվենք ու չվնասենք ուրիշներին։ Կարծում եմ՝ այլ կերպ ևս կարելի էր ուղերձը փոխանցել։ Ամեն դեպքում, եթե ուղիղ իմաստով չանել, ապա հնարավոր է չընկալվի, այնպես, ինչպես կա», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Թաթիան։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վերլուծելով ճանապարհային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, ներկայացրել է 2019 թվականի վերջի դրությամբ իրականացվող գործողությունների ծրագիրն ու «Ավելին կյանքի համար» սոցիալական այս քարոզարշավը:

Վերլուծության համաձայն, 2018 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից 459 մարդ է զոհվել, իսկ վերջին 10 տարիների ընթացքում մահացել է 6608 և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 85 946 մարդ: