Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպանին

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի դեսպան Ճոու Ցիենին։ Հանդիպման մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հարցերը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է առևտրաշրջանառության աճի դինամիկան և նշել, որ Չինաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է։ Դրա հետ մեկտեղ, ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» կարևորությանը։

Խոսվել է նաև էկոնոմիկայի նախարարի Չինաստան կատարած այցի մասին, և ուշադրություն է հրավիրվել արձանագրված առաջընթացի ու ապագա հեռանկարների վրա։ Այս առումով շեշտը դրվել է Չինաստանի և Վրաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ Ինչպես նշվել է, համաձայնագրի ստորագրումը երկու երկրների համար էլ նոր խթան կհանդիսանա տնտեսական կապերի խորացման գործընթացում։

Զրույցի ընթացքում ուշադրություն է դարձվել նաև քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման հարցին»,- հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։

Բացի Քվրիվիշվիլիից, հանդիպմանը ներկա են եղել նաև նրա տեղակալներ Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն։