Կոչ կառավարությանը՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները

Լիբերալների և դեմոկրատների եվրոպական դաշինքը (ALDE) մայիսի 26-28-ը Ստոկհոլմում տեղի ունեցած կոնգրեսում բանաձև է ընդունել Վրաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ։

Բանաձևում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է սիրախաղը Ռուսաստանի հետ և սաբոտաժի է ենթարկում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրումը։

Բանաձևը մտահոգություն է հայտնում Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հայտարարությունների կապակցությամբ, որոնք մեղադրում են Արևմուտքին ու Եվրամիությանը Վրաստանին պատերազմի մեջ «ներքաշելու» համար։ Ըստ ALDE-ի՝ Վրաստանի կառավարությունն այդպիսով խարխլում է Եվրամիության հեղինակությունը և ապատեղեկատվություն է տարածում, որը հարիր է միայն Ռուսաստանի կառավարությանը։

Բանաձևում ALDE-ն մտահոգված է Ռուսաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ Վրաստանի կառավարության դիրքորոշման կապակցությամբ, այդ թվում՝ ուղիղ չվերթերի վերականգնման միջոցով։

ALDE-ն նաև արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարի ընտանիքի անդամների մուտքին Վրաստան` չնայած այն հանգամանքին, որ նրանք գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ: Դաշինքը  կոչ է անում Վրաստանի կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը.

  • միանալ ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ Եվրամիության և այլ երկրների սահմանած պատժամիջոցներին և զգոն լինել այդ պատժամիջոցներից խուսափելու հնարավոր փորձերից,
  • դադարեցնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացի սաբոտաժը` չկատարելով Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները և պահպանելով Բիձինա Իվանիշվիլիի օլիգարխիկ իշխանությունը,
  • դադարեցնել սիրախաղը Ռուսաստանի կառավարության հետ՝ խորացնելով տնտեսական և քաղաքական կապերը,
  • դադարեցնել հակաարևմտյան քարոզչությունը և ապատեղեկատվական արշավները,
  • դադարեցնել քաղաքական հետապնդումները և ազատ արձակել մարտյան ցույցերի ակտիվիստ Լազարե Գրիգորիադիսին, ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիային և Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։