Լուսանկարներ. Փարաջանովի մուսան՝ «Բաիան» Թբիլիսիի բուսաբանական այգում

Մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի Բաիա անվամբ ծառը ռեժիսոր Խոսե Մաջիներեի ու Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տան նախաձեռնությամբ տնկվել է Թբիլիսիի բուսաբանական այգում: Բաիա անունը ծառի համար ընտրվել է Փարաջանովի մուսայի՝ Բաիա անունով կնոջ պատվին:

«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը պատմում է՝ նման դրական նախաձեռնությունները միշտ պատահական են լինում, այս դեպքում էլ, Մաջիներեին իր ֆիլմի պրեմիերաներից մեկի ժամանակ նռնենու տնկի են նվիրել, որը ծաղկել է ու որոշ ժամանակ անց հինգ փոքր շիվեր տվել: Մաջիներեն էլ որոշել է անմահացնել դրանք մայրաքաղաքում, առաջինը Թբիլիսիի բուսաբանական այգու Իտալիայի դեսպանատան հովանու տակ բացված անկյունում: Հետո միջոցառում են կազմակերպել ու հավաքվել տեղում՝ իտալական անկյունի առաջին ծառը միասին տնկելու համար:

«Ծառը տնկելու արարողությանը ներկա էր նաև Իրինա Գագուայի հեղինակած Փարաջանովի տիկնիկը: Իրականում այնքան գեղեցիկ միջոցառում ստացվեց, ու այնքան անսպասելի, երևի Փարաջանովի հետ կապված բոլոր երևույթներն են այսպես լինում»,- նշեց Գիսանե Հովսեփյանը մեզ հետ զրույցում ու հայտնեց, որ Թումանյանի տունը թարգմանել է վրաց ռեժիսորի հեղինակած ֆիլմը Փարաջանովի մասին, շուտով կլինի հայալեզու ֆիլմի պրեմիերան:

Լուսանկարները՝ Խոսե Մաջիներեի ֆեյսբուքյան էջից